Դարբինյան փողոցի վերջնամասի 5-6 տների բնակիչները բողոքում են, որ փողոցի իրենց հատվածում ասֆալտը փռում են իրենց տներից հեռու, այնպես որ երթևեկելի մասի ու իրենց տների միջև մնում է բավականին չկառուցված տարածք: Տեղական իշխանությունները պնդում են, որ այլ կերպ անհնար էր:
Ենթակառուցվածքային աշխատանքների շրջանակներում այս տարի ասֆալտապատվելու է Դարբինյան փողոցի վերջնամասը (նախկին սպանդանոցի մոտ): Սակայն, 5-6 տների բնակիչներ փողոցի այդ մասում դժգոհ են այն բանից, որ փողոցի ասֆալտապատումը շարունակվում է ոչ թե ուղիղ գծով, այլ շրջանցելով իրենց տները: Փողոցի հակառակ կողմում կա 2-3 տուն:
Հիմա շինարարները դեռ միայն նախապատրաստական աշխատանքներ են կատարում՝ ասֆալտապատման համար հիմք են պատրաստում: Ստացվում է, որ ասֆալտապատվող հատվածի միջնամասը ընկնում է Թամազ Մելիքիձե փողոցի վրա:
Տներից մեկի բնակիչ՝ Արտակ Խոցանյանը դիմել է քաղաքապետարան, որտեղ նրան պատասխանել են, որ ասֆալտապատման նախագիծը պատրաստ է, ու արդեն ոչինչ հնարավոր չէ փոխել:
«Այստեղ լինելու է մայթ, ինչպես եմ ես մեքենաս մայթով մտցնելու ավտոտնակ: Եթե Դարբինյան փողոցն են վերանորոգում, թող այդպես էլ անեն, ասում են ասֆալտապատում են Դարբինյանը, բայց ասֆալտապատում են մեկ այլ փողոց: Դա Դարբինյանի տարածքը չէ: Ինչու գազամուղը, էլեկտրական սյուները կառուցվել են ուղիղ գծով, իսկ ասֆալտը շրջանցում են», – ասում է Արտակ Խոցանյանը:
Արտակ Խոցանյանը ավելացնում է, որ այդ տարածքը կարող էին վերանորոգել և դարձնել մանկական խաղահրապարակ:
Արամայիս Մուսիկյանին նույնպես դուր չի գալիս, որ փողոցը չի ասֆալտապատվում ուղիղ գծով: «Մենք ուզում ենք, որ փողոցը ասֆալտապատվի ուղիղ գծով, իսկ այսպես գումարը ծախսվում է, բայց օգուտ չկա», – ասում է Արամայիս Մուսիկյանը:
Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքային բաժնի մասնագետ Ռազմիկ Նահատակյանն ասում է, որ տեղանքն է ստիպել նախագծողին այդպիսի նախագիծ գծել:
«Այդ տեղանքը 3 մետրանոց ժայռաբեկոր է: Շինարարների համար այնտեղ շատ դժվար է ասֆալտպատման համար հիմք պատրաստելը: Այդ պատճառով բնակիչները տները նույնիսկ մի քիչ հեռու են կառուցել», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:
Բնակիչների բողոքներին նա պատասխանում է հետևյալը. «Նախագծողը գտել է, որ այդպես ավելի հարմար է, և ճիշտ է արել, ես նույնպես այդպես կանեի: Միևնույն է կողմերից մեկը պետք է տուժեր, քանի որ մենք չենք կարող 30 մետր լայնությամբ ասֆալտապատել: Մենք փողոցը ասֆալտապատում ենք 8 մ լայնությամբ: Բացի դրանից, բնակիչներից մեկը իր ավտոտնակն այնպես է կառուցել, որ միևնույն է այդ մասում շինարարները շրջանցելու էին այն», – ասում է Ռազմիկ Նահատակյանը:
Շուշան Շիրինյան