Այսօր, ապրիլի 13-ին ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում միաձայն ընդունել է հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ։

Որոշման համար հիմք է ծառայել այն, որ Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։

Որոշման նախագծի մեջ ասվում է, որ հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները երկրում դեռևս չեն վերացել։

Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարետատան որոշմամբ՝ երկարացված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության թույլատրելի շրջանակն ընդլայնվել է մի քանի նկատառումներով` տնտեսական կյանքը չմեռցնելու, նաև սոցիալական իրավիճակն էլ ավելի չբարդացնելու համար։

«Բայց բոլորս հասկանում ենք, որ սա բերում է ռիսկի, որ թվերը կարող են աճել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նախ քաղաքացիներին իրենք պետք է առաջին հերթին հետևեն իրենց անվտանգության կանոններին և էականորեն նվազեցնեն վարակվելու հավանականությունը։

Վարչապետը նշել է՝ ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները վերացվում են՝ պայմանով, որ մոնիթորինգ կիրականացվի, խնդիրներ լինելու դեպքում վերջին գործող ռեժիմը կվերականգնվի։

Հիշեցնենք, որ ապրիլի 13–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 1039 մարդ։ Գրանցվել է 14 մահվան դեպք։

Կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։