Ժողովրդի մեջ տարածված աչքի ուլունք կրելու սնահավատության վերաբերյալ Jnews-ը զրուցել է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանի հետ։ Հոգևորականն ընդգծում է՝ դրանք վտանգավոր են:

Դարեր շարունակ շատ շատերը հավատացել և հավատում են աչքի հուլունքի զորությանը։ Տան մեծերը, հիմնականում տատիկները նոր ծնված երեխաների օրորոցներին, բարձին կամ գլխաշորին աչքի ուլունք էին կպցնում, որ մարդիկ երեխային տեսնելուց «աչքով չտային»։

Հայ եկեղեցին սա չի ընդունում և մարդկանց կոչ է անում հեռու մնալ բոլոր տեսակի սնահավատություններից:

«Այս ամենը գալիս է սնահավատությունից, հին դարերում, երբ մարդիկ հավատացել են կրակին, արևին, քամուն, իրենց համար հավատալիք են ընդունել, դրանց մեջ նաև խոսում է Ասվածաշունչը՝ խրատելով, որ մարդիկ հեռու պիտի մնան գուշակություններից, հմայիլներից, աչքի ուլունքից։ Աչքի ուլունք ասվածը հիմնականում եկել է ավելի շատ Թուրքիայի և Հունաստանի կողմերից, այդտեղի ժողովուրդն է շատ հավատում դրան և տարածում: Ամենակարևոր բանը դա այն է, որ Աստված ասում է՝ դու չես կարող երկու տիրոջ ծառայել, դու չես կարող և՛ խաչին հավատալ, և՛ գուշակին», – ասում է Հայր Սուրբը։

Մաղաքիա Վարդապետ Ամիրյանը նշում է, որ Պողոս առաքյալը ասում է՝ «քավ լիցի, որ ես պարծենամ այլ բանով, քան միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով»։

«Աստվածաշնչի մեջ շատ տեղեր կան հմայիլների, գուշակությունների, սուրճի բաժակ նայելու, ուլունքների մասին։ Եթե մարդիկ հավատում են այդ բաներին, անպայման վատ բան կկատարվի իրենց հետ, վստահաբար։ Իմ ուսանող ժամանակ մասնակցել եմ մի հաղորդման, որը գուշակությունների մասին էր: Այդտեղ պատմեցին մի դեպքի մասին, որ մի հղի աղջիկ գնում է բախտագուշակի մոտ, իմանալու, թե երեխան ե՞րբ է ծնվելու և ի՞նչ ապագա է ունենալու, ուրեմն գուշակն ասում է՝ եթե այսինչ օրը, այսինչ ամսին ծնվի, ապա շատ մեծահարուստ ու անվանի մարդ կլինի, աղջիկը գնում ու բժշկական միջամտությունով ունենում է երեխային, սակայն մահանում է և ինքը, և իր երեխան։ Այս բոլոր բաները գալիս են սնահավատություններից և չարի գործիքներն են։ Չի կարող մարդ աչքի ուլունքին հավատալ, մարդու աչքը երբեք չի կարող ինչ-որ վատ բան անել, քանի որ մարդը չի կարող աչքով նայել ու վնասել, դրանք վտանգավաոր երևույթներ են մարդկանց համար։ Հաղթանակը դրանց դեմ դա Քրիստոսի փրկագործված և փրկարար խաչն է»,- ասում է Մաղաքիա վրդ. Ամիրյանը։

Ջավախքում ևս հավատում են աչքի ուլունք ասվածին: «Ես շատ եմ հավատում, որ աչքի ուլունքը կպաշտպանի երեխաներին, ես շատ էի ցանկանում, որ իմ ծոռնիկի գլխաշորին էլ կարեինք, սակայն հիմա երիտասարդ հարսները նման բաների չեն հավատում, և չեն դնում»,- ասում է Մանյա տատիկը։

«Ես այդպիսի բաների չեմ հավատում, իհարկե սկեսուրս շատ էր ցանկանում, որ երեխայի օրորոցին կապեի աչքի ուլունք, սակայն ես չհամաձայնեցի»- պատմում է Օֆելյան, ով երեք երեխաների մայր է։

Հայր Սուրբը հորդորում է, որ աչքի ուլունքների փոխարեն, բոլորը մկրտեն իրենց երեխաներին։

«Երբ, որ երեխային մկրտում է ծնողը, նա պաշտպանական զենք է դնում փոքրիկի վրա, դա Քրիստոսի սուրբ խաչի զորությունն է։ Մեր եկեղեցին խորհուրդ է տալիս, որ երեխային 8 կամ 40 օրականում անպայման մկրտեն։ Մարդ պետք է գիտակցություն ունենա հավատալու մի բանի, դա Աստված է, ճշմարիտ Աստված։ Եթե մարդ մտնում է եկեղեցի, աղոթում է, մոմ է վառում, Աստծուց ինչ որ բան է խնդրում, և, միաժամանակ աչքի հուլունք է կրում, այդ մարդը Աստծուն դնում է փորձության մեջ։ Ես չեմ կարող երկու մայր ունենալ, իմ մայրը մեկը պետք է լինի», – հավելում է Վարդապետ Ամիրյանը։

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վրդ. Ամիրյանը եզրափակում է՝ աչքի ուլունք կրելը վտանգավոր է:

Գայանե Ակոջյան