Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը նոր կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ հայտարարություն է տարածում։
Հայտարարությունում մասնավորապես նշված է՝
1. Հետևել Վրաստանի պետական մարմինների տարածած հորդորներին և ցուցումներին: Խստագույնս պահպանել սանիտարահիգենիկ հրահանգներն ու կանոնները:
2. Մեկուսանալ տներում՝ խուսափելու համար վարակվելու կամ վարակելու հնարավոր միջոցներից:
3. Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության ներքո գործող բոլոր եկեղեցիներում չեղյալ են հայտարարվում բոլոր ընդհանրական և հավաքական միջոցառումները:
4. Եկեղեցիներն անհատ հավատացյալների համար բաց պիտի լինեն ժամը 09։00-19։00, իսկ մինչև Ավագ հինգշաբթի Սուրբ Պատարագներն ու մյուս եկեղեցական արարողությունները կանցկացվեն դռնփակ՝ առանց հավատավոր ժողովրդի մասնակցությամբ:
5. Առժամանակ չեղարկվում են Սուրբ Պսակի և Սուրբ Մկրտության արարողությունները:
6. Հուղարկավորության պարագային պետք է կատարվի միայն գերեզմանի կարգ, հորդորում ենք ձեռնպահ մնալ հողարկավորության և հոգեհացի մարդաշատ հավաքի կազմակերպումից, ձեռքսեղմումի ավանդական արարողությունից:
Հետևելով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի կոչին, սույն թվականի մարտի 18-ին, ժամը 19։00-ին ամենքիդ հրավիրում ենք համազգային աղոթքի և հորդորում, որ յուրաքանչյուրս մեր գտնվելու վայրում աղոթք բարձրացնենք և հայցենք Տիրոջ ողորմածությունը համայն աշխարհին, որպեսզի միաբան ոգով հաղթահարենք այս նոր փորձությունը: