Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում սկսել էին վերականգնել եկեղեցու տանիքը առանց Կրոնի հարցերով գործակալության թույլտվության, որի արդյունքում վերանորոգման աշխատանքները կասեցվել է: Գյուղի բնակիչները մտահոգ են, կիսաբաց տանիքից ջուր է ներհոսում, եկեղեցին վնասվում է:
Տուրցխ գյուղի բնակիչներն ասում են, որ անհրաժեշտ է արագ կերպով լուծել թույլտվության խնդիրը, որպեսզի եկեղեցին անձրևներից չտուժի: Վերանորոգման աշխատանքները սկսվել էին մայիսի 10-ից, իսկ մայիսի 16-ին դրանք արգելել էին Կրոնի հարցերով գործակալության աշխատակիցների կողմից: Գործակալության Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Էլվարդ Զազաձեի խոսքով, կրոնի հետ կապված ամեն ինչ պետք է համաձայնեցվի:
«Երբ ինչ-որ բան է կառուցվում, կամ վերականգնվում է եկեղեցին կամ երբ դրվում է խաչքար, պետք է անպայման ստանալ Կրոնի հարցերով գործակալության թույլտվությունը», – ասում է Էլվարդ Զազաձեն:
Ինչպես ավելի վաղ jnews-ի հետ հեռախոսազրույցում ասել էր Տուրցխ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Աննա Ղևենյանը, մայիսի 16-ի երեկոյան Թբիլիսիից ժամանել էին մարդիկ՝ Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի հետ միասին:
Գործակալության ներկայացուցիչները խնդրել էին ցույց տալ եկեղեցում աշխատանքների իրականացման համար թույլտվությունը և վերականգնման նախագիծը: Քանի որ այդ փաստաթղթերը չկային, նրանք ասել էին, որ աշխատանքները կասեցնում են՝ մինչև թույլտվություն չլինի:
Այսօր գ. Տուրցխում քաղաքապետի ներկայացուցիչ Աննա Ղևենյանը, Ախալքալաքի կաթոլիկ եկեղեցու վարդապետը և գյուղացիները հանդիպել էին թույլտվության հարցերով քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, այնուհետև գնացել փոստ` Կրոնի հարցերի գործակալություն նամակ ուղարկելու նպատակով` խնդրելով տանիքի վերականգման թույլտվությունը:
Ինչպես նաև, բարերարները դիմել են մասնագետներին, որոնք պետք է կազմեն վերականգնման նախագիծը: Փաստաթուղթը նույնպես կուղարկվի Կրոնի հարցերով գործակալությանը:
«Մենք ամեն ինչ կանենք, հնարավորինս շուտ լուծելու այս հարցը, թույլտվություն ստանալուց անմիջապես հետո աշխատանքները կշարունակվի», – ասաց փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը:
Եկեղեցու տանիքը վերանորոգվում է ծնունդով Տուրցխ գյուղի բարեգործների միջոցներով, որոնք այժմ բնակվում են Ռուսաստանում:
Գյուղի բնակչությունն ըստ 2014 թ. մարդահամարի՝ կազմում է 759 մարդ: Եկեղեցին կաթոլիկ է:
Բրատիսլավ Իգիթխանյան