Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի շրջանավարտների շուրջ 99%-ն, ըստ դպրոցի տվյալների, հեշտությամբ է ընդունվում վրացական բուհեր: Այս դպրոցում հայախոս երեխաները վրացերենը սովորում են վրացական դպրոցների դասագրքերով, այլ ոչ թե «Վրացերենը, որպես երկրորդ լեզու» դասագրքերով՝ ինչպես մյուս հայկական դպրոցներում է: Թբիլիսիի միակ ամբողջությամբ հայկական դպրոցում չեն բողոքում ոչնչից: Դպրոցը հպարտ է իր նվաճումներով:

Թիվ 104 հանրային դպրոցը միակն է Թբիլիսիի պատմության մեջ, որն «իր ծննդյան» օրվանից ամբողջությամբ հայկական է եղել, և մինչ օրս պահպանել է իր ինքնությունը:

1

Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցը, ըստ տնօրենի, բավականին անսովոր է: Իր բացառիկությամբ տարբերվում է նաև դպրոցի պատմությունը: Դպրոցը, որը կառուցվել է Աթոնելի փողոցի թիվ 5 հասցեում՝ Վանքի տաճարի տարածքում (որը փլուզվել է 1938 թ.), կառուցվել է ավելի քան 80 տարի առաջ:

Այսօր դպրոցում սովորում է մոտ 300 աշակերտ, այս տարի դպրոցն ընդունել է 21 առաջին դասարանցի, իսկ ուսումնական տարվա ավարտին կունենա նույն թվով շրջանավարտներ:

«Մեր շրջանավարտների թվում երեք աշակերտ հավակնում է ավարտել ոսկե մեդալով: 10-րդ դասարանից 4 աշակերտ նվեր կստանան անհատական համակարգիչներ` Վրաստանի կրթության նախարարությունից` ուսման գերազանց առաջադիմության համար: Մեր բազմաթիվ աշակերտներ մասնակցում են տարբեր օլիմպիադաների: Վրաստանի միասնական ազգային օլիմպիադայում անցյալ տարի դպրոցը վարկանիշով առաջին տեղը գրավեց երկրում: Վրացերենից նույնպես հաղթողներ կային», – պատմում է թիվ 104 դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանը:

3

Դպրոցի առաջխաղացման վերաբերյալ տնօրենը բացատրում է, որ երկու տարի առաջ կրթօջախն ուներ երկու առաջին դասարան, բայց Հայաստանում հեղափոխությունից հետո (2018 թ.) որոշ ընտանիքներ մեկնեցին Հայաստան, ուստի ստիպված էին միավորել դասարանները: Միջին հաշվով, տարեկան ունենում են 25 առաջին դասարանցի, իսկ համեմատելով, ավելի շատ հայ աշակերտներ սովորում են Թբիլիսիի ռուսական դպրոցներում:

«Հիմա ինձ համար զարմանալի է, թե ինչո՞ւ են երեխաներին ուղարկում ռուսական դպրոցներ: Զարմանալի չէր լինի, եթե ուղարկեին վրացական դպրոցներ: Մենք ապրում ենք Վրաստանում, պետք է իմանալ պետական լեզուն, խոսել վրացերենով կիրթ վրացուց ոչ պակաս և ինքդ քեզ զգաս այս երկրի լիարժեք և արժանի քաղաքացի: Ես ողջունում եմ, երբ երեխաներին վրացական դպրոց են ուղարկում, բայց եթե ուզում ես, որ նրանք պահպանեն իրենց ինքնությունը և իմանան իրենց մայրենի լեզուն, ապա` հայկական դպրոց, որտեղ երեխան կիմանա թե վրացերեն, և թե ռուսերեն», – ասում է տնօրենը` նշելով, որ ինքն ունի ռուսական կրթություն, բայց ի տարբերություն նոր սերնդի, նա ծնվել է ԽՍՀՄ-ում:

4

Ըստ Իրինա Ժամկոչյանի՝ դպրոցը որևէ ֆինանսական օգնության կարիք չունի, գտնում է միջոցներ ենթակառուցվածքները կարգի բերելու համար սեփական ուժերով: Դպրոցն ամենուր ունի պրոյեկտորներ, ուստի դասերն անցկացվում են տեխնիկական միջոցների կիրառմամբ:

«Դպրոցում խնդիրներ չկան: Երեք տարվա ընթացքում մենք վերանորոգել ենք դասասենյակները մեկ հարկում, այնուհետև մեկ այլ հարկում, հետո արդեն միջանցքը, մենք անցած տարի էլ փոքրիկ վերանորոգման աշխատանքներ ենք կատարել», – ասում է տնօրենը:

26 ուսուցչուհիներից, ոչ ոք կենսաթոշակային տարիքի մանկավարժներից չի լքել դպրոցը:

Դպրոցը տարեկան բազմաթիվ միջոցառումներ է անցկացնում, այդ թվում՝ բարեգործական: Սուրբ Ծննդյան օրը, ամբողջ դպրոցը միջոցներ է հավաքում և նվերներ պատրաստում, իսկ աշակերտներն ու ուսուցիչները գնում են մանկատներ կամ ծերանոցներ, իսկ անցյալ տարի դպրոցը այցելել էր սոցիալապես անապահով ընտանիքներ և շնորհավորել նրանց Ամանորը:

Տարեկան երկու անգամ դպրոցում անցկացվում են ծնողական կոնֆերանսներ, որին մասնակցում են ինչպես ծնողները, այնպես էլ ուսուցիչները:

2

Թիվ 104 հանրակրթական դպրոցի տնօրենը չի առանձնացնում հայկական դպրոցը վրացական լավագույն դպրոցներից:

«Մենք ունենք աշխարհի լավագույն երեխաները և, այդ իսկ պատճառով, մենք խնդիրներ չունենք: Բայց ապագայում կարծում եմ, որ կադրային խնդիր կունենանք: Հեռավոր ապագայում ես տեսնում եմ ուսուցիչների պակասի խնդիրը: Հետևաբար, ես շատ կցանկանայի, որ մեր երիտասարդները նույնպես, եթե նրանք ցանկանում են պահպանել հայալեզու դպրոցը և ուզում են, որ այս երկրում իրենց ինքնությունը լինի պատշաճ մակարդակի վրա, նրանք նույնպես պետք է մտածեն այդ մասին: Երիտասարդ սերունդը պետք է վերադառնա դպրոց: Մենք պետք է արժևորենք և պահպանենք դպրոցը: Եվ սա վերաբերում է բոլոր դպրոցներին», – ասում է նա:

Տնօրենը հպարտությամբ է նշում, որ դպրոցում պետական լեզվի իմացության խնդիր չկա, հավելելով, որ պետական լեզուն դասավանդվում է վրացական դպրոցների, այլ ոչ թե փոքրամասնությունների համար նախատեսված դասագրքերով:

Ռիմա Մառանգոզյան