Հուլիսի 20-ին առաջին անգամ Վրաստանում Հայոց լեզու և գրականություն դասավանդող ուսուցիչները քննություն հանձնեցին: Այս առարկայի քննության առավելագույն միավորը 70-ն է, որը համարժեք է 10 կրեդիտ–միավորի:

Վրաստանում արդեն մի քանի տարի է ընթանում է ուսուցիչների վերապատրաստման ծրագիր, ըստ որի՝ առարկայական և մասնագիտական հմտությունները հաղթահարած ուսուցիչները ստանում են որակավորում, հետևաբար նաև՝ բարձր աշխատավարձ: Սակայն էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների մայրենին դասավանդող առարկաների ուսուցիչները միայն այս տարի հնարավորություն ստացան մասնակցելու քննություններին:

Արուս Գաբրիելյանը մեկ տարի չկա ինչ ընդունվել է աշխատանքի՝ Վաչիան գյուղի հանրային դպրոցում: Նա նշում է, որ այս քննությունը իրենց համար շատ կարևոր էր, սակայն շատ բացեր կան, որոնք պետք է լրացնել:

«Շատ հարցեր կային, որ մնում էին անպատասխան: Մեզ չէր տրվել նախնական թեստերի տարբերակներ, որ դրանցով առաջնորդվեինք և այլն:  Քննության նախաշեմին երկօրյա նախապատրաստական հանդիպում եղավ, դրանից հետո փոքր-ինչ հասկացանք մեր անելիքը. օրինակ՝ ինչպես պետք է օգտվենք համակարգչից, թեկուզ հարցերի քանակի և այլնի մասին», – պատմում է հայոց լեզվի և գրականության մասնագետ  Արուս Գաբրիելյանը:

Վերջինս հավելում է քննության առաջին մասում հայոց լեզվի հարցերն են եղել, այնուհետև՝ գրականության: Քննության մասնակցած ուսուցիչների խոսքերով, քննական թերթիկները այնքան խճճված են կազմված եղել, որ շփոթեցրել են մասնակիցներին:

«Ինչքան որ պատրաստ էինք պատասխանեցինք, բայց քիչ մասը կարողացանք հանձնել, որովհետև այդ հարցերով անհնար էր ավելին պատասխանել: Այնքան անհասկանալի էր, որ թվում էր շատ հեշտ է, բայց հակառակ պատկերն էր: Նույնը կարող եմ ասել գրականության մասին, որը թեստային տարբերակով էր կազմված: Կրկին դժգոհ եմ, որովհետև թեստը պարունակում էր այնպիսի շփոթեցնող տարբերակներ, որ պետք էր շատ լավ մտածել պատասխանը նշելուց առաջ», – ասում է Արուս Գաբրիելյանը:

Նրա խոսքով, քննության ավարտից հետո ուսուցիչների կարծիքները տարբեր են եղել, սակայն բոլորը միաբերան նշել են, որ քննական հարցերը շատ վատ է կազմված եղել:

Դժվարությունների մասին բարձրաձայնում են նաև հմուտ մասնագետները: Այսօր դպրոցներում դասավանդում են նորագույն շրջանի հեղինակներին, որոնց ծանոթ են նոր սերնդի մասնագետները: Փորձառու և տարիքով մասնագետները նաև համակարգիչներից օգտվելու խնդիր են ունեցել:

Անահիտ Լագզյանը Փոքր Սամսար գյուղի դպրոցի տնօրենն է: Երկար տարիներ դասավանդում է հայոց հեզու և գրականություն, նա ևս համաձայն է այն կարծիքի հետ, որ սա շատ լավ հնարավորություն էր նրանց համար, ովքեր ցանկանում էին իրենց կարգավիճակը բարձրացնել:

«Մենք մասնակցել էինք թրեյնինգների, բայց կարող եմ ասել, որ այդ ժամանակ քննարկված թեմաները ընդհանրապես առնչություն չունեին քննական հարցերի հետ: Իսկ ինչ վերաբերում է հարցերին, դրանց մեջ և հեշտերը կային և բարդերը, բայց ընդհանուր առմամբ խճճող հարցեր էին: Դժվար էր նաև այն, որ նախնական հարցեր չունեինք, կարծում եմ մյուս տարի ավելի հասկանալի կլինի», – ասում է տիկին Անահիտը, հավելելով, որ պատրաստվելու ժամանակը նույնպես քիչ է եղել:

Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոցից Թագուշ Սարգսյանը նշում է ժամանակի սղության մասին, ասելով, որ 4 ժամը շատ քիչ էր այդպիսի ծավալուն աշխատանք կատարելու համար: Նրա հետ համակարծիք են ուսուցիչների մեծամասնությունը, ովքեր մասնակցել են քննությանը:

«Հիմանակնում ծրագրային հարցեր էին, չեմ կարող ասել, որ անծանոթ հեղինակներ էին նշված, քանի որ մենք պարտավոր ենք իմանալ ժամանակակից գրողներին ևս: Ես խնդիր եմ համարում միայն այն, որ մեր ունեցած դասագրքերը հին են և չենք կարող ուսումնասիրել և տեսնել, թե ի՞նչ նորություններ կան», – ասում է հայերենի մասնագետ Թագուշ Սարգսյանը, ով դասավանդման երկարամյա փորձ ունի: