Գրիպի բարդությունից Զուգդիդի (Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջան) ռեֆերալ հիվանդանոցում մահացել է 41 ամյա տղամարդ: Այս մասին հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Հունվարի 10-ին շտապօգնության ծառայությունը տղամարդուն տեղափոխել է հիվանդանոց: Ըստ բժիշկների, նա ունեցել է երկկողմանի թոքաբորբ: Հիվանդը տեղավորվել է վերակենդանացման բաժին, բայց նրան փրկել չի հաջողվել:

Ներկայումս, Զուգդիդի հիվանդանոցում բուժվում է գրիպի վիրուսով վարակված ևս 26 հոգի: Նրանցից մեկը միացված է արհեստական շնչառության ապարատին:

Վերջին ամիսներին Վրաստանում H1N1 վիրուսից, հայտնի որպես խոզագրիպ, մահացած քաղաքացիների թիվը հասել է 17-ի: Զուգդիդի դեպքը դարձել է թվով 18-րդը:

Վերջին պաշտոնական տեղեկությունների համաձայն, գրիպով մոտ 800 հիվանդ բուժվում է ստացիոնար: Նրանցից 42-ի վիճակը ծանր է, և նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Վրաստանի առողջապահության նախարարությունը նշում է, որ գրիպի դեպքերի թիվը նվազել է և կազմում է 253 մարդ հարյուր հազարի հաշվով: