Վրաստան կատարած իր երկօրյա այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խոսեց Ջավախքին վերաբերող հարցերի շուրջ, նշելով, որ կողմերը համաձայնության են եկել:
Այցի առաջին օրը, իր վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները տարբեր ոլորտներում, և պատրաստակամություն հայտնել բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման համար:
Հայաստանի Հանրապետության պատվիրակությանն ընդունեց նաև Վրաստանի նախագահը: Կարեն Կարապետյանը Գիորգի Մարգվելաշվիլիի հետ քննարկեցին տարածաշրջանային անվտանգության հարցերը:
Այցի երկրորդ օրը Կարեն Կարապետյանը այցելել է Հերոսների հրապարակ և ծաղկեպսակ դրել անմար կրակի մոտ: Այնուհետև պատվիրակությունը ուղղվեց Սուրբ Գևորգ եկեեղեցի, որտեղ ՀՀ վարչապետը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին: Կայացավ օծման արարողություն և պատարագ:
Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում ՀՀ վարչապետը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողին, որից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Կարեն Կարապետյանը լրագրողների հետ զրույցում քննարկեց Ջավախքում ապրող հայության խնդիրները և ասաց, որ բոլոր հարցերում նրանք վրացական կողմի հետ ընդհանուր համաձայնության են եկել:
«Մենք խոսեցինք Վրաստանում հայերի կրթական համակարգի, դասագրքերի, ուսուցիչների վերապատրաստման մասին և չկար այնպիսի հարց, որում մենք կարծիքներով չհամաձայնեինք», – ասաց վարչապետը:
Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպել է նաև հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հայոց Թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում: Կարեն Կարապետյանը խոսեց Վրաստանից Ռուսաստան այլընտրանքային ճանապարհի մասին:
Բացի այդ, խոսելով Վերին Լարսի մասին վարչապետը նաև ավելացրեց. «Հարկ է նշել, որ մեր վրացի գործընկերների կողմից մենք ստացել ենք միայն գործընկերական և բարեկամական հարաբերություններ: Օրերով, ժամերով, նրանք հետևում էին, որ ճանապարհը բացվեր»:
Այցի ընթացքում վարչապետը այցելեց նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն: Կարեն Կարապետյանին ներկայացրեցին թատրոնի վերակառուցման ծրագրերը:
Լուսինե Աստոյան