Ախալքալաքի հետիոտնային կամուրջը, որը նախկին զինվորական ավանը կապում է քաղաքին, ձյան գալուց հետո դարձել էր դժվարանցանելի: Երեկ Ախալքալաքի սպասարկման կենտրոնը կամուրջի վրա լցրեց ռեագենտ, ինչպես նաև խոստացավ այսուհետ այն մաքրել ձյունից:

Ավանի բնակիչները, որոնք մշտական անցնում են այս կամրջով, վերջին օրերին սկսել էին դժգոհել, որ կամրջի վրայով քայլելը դառել է վտանգավոր, քանի որ այն պատված է սառուցով:

Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն ասում է, որ նրանց չի կարգադրած, թե կոնկրետ որտեղ պետք է մաքրեն:

«Մենք իմանալով և տեսնելով խնդրահարույց տարածքները, ինքներս ենք գնում ու մաքրում: Մենք կամրջի խնդրի մասին իմացանք այսօր, և առավոտյան արդեն լցրեցինք ռեագենտը:», – ասաց Արմեն Բիչախչյանը:

Իրոք, արդեն երեկ, օրվա կեսին կամրջով անցնելը ավելի հեշտացավ, սառույցը ռեագենտի ազդեցության տակ սկսեց հալվել:

Արմեն Բիչախչյանի խոսքերով, նրանք շատ քիչ աշխատակազմ ունեն, որպեսզի նախկին զինվորական ավանի տարածքը նույնպես մաքրեն ու հավաքեն, բայց նա վստահեցրեց, որ կամուրջն արդեն կլինի իրենց հսկողության ներքո:

«Քանի որ մենք գնել ենք ձնահավաք մեքենա, մենք որոշում ենք կայացրել ձմռանը կամուրջը պահել մեր հսկողության տակ, և երբ ձյուն կգա, մեր աշխատողները լուսաբացից, ձնահավաք մեքենայի միջոցով, կսկսեն կամուրջից ձյունը մաքրել, որպեսզի սառույց չգոյանա», – ասաց Արմեն Բիչախչյանը:

Շուշան Շիրինյան