Ախալքալաքի բազմահարկ շենքերում ցածր ճնշման պատճառով ջուրը չի բարձրանում մինչև երրորդ հարկ ու ավելի բարձր: Ջրամատակարարող ընկերությունում ասում են, որ ոչինչ չեն կարող անել:
Բազմահարկ շենքերի բնակիչները դժգոհում են, որ ջուրը չի բարձրանում իրենց բնակարանները: Այս իրավիճակը սրվում է հատկապես ամռանը և ձմռանը: Այս մասին բազում անգամ jnews- ը գրել է, սակայն խնդիրը մինչև հիմա լուծված չէ:
Աղմաշենեբելի №18 շենքի բնակիչները, որը հայտնի է որպես նախկին գյուղատնտեսական տեխնիկայի շենք, արդեն մոռացել են, թե ինչ է նշանակում նորմալ ջրի ճնշում լոգարանում, իսկ 3-րդ հարկից բարձր ապրող բնակիչներն երազում են ունենալ գոնե ջրի բարակ հոսք: Նույն խնդիրն ամեն տարի տանջում է բնակիչներին, սակայն երբեմն գոնե կաթում էր, իսկ դեկտեմբերի 11-ից հետո ընդհանրապես չի հոսում:
«Ես ապրում եմ չորրորդ հարկում, և դեկտեմբերի 11-ից մենք ջուր չունենք: Նման իրավիճակ լինում է ամռան և ձմռան ամիսներին, իսկ մնացած ժամանակ ծորակից գոնե մի փոքր հոսք հոսում է: Մենք արդեն հոգնել ենք առաջին հարկից ջուր կրելուց ու ամեն անգամ մեր հարևաններին խնդրելուց: Ես զանգահարեցի թեժ գիծ, ասացին, որ չեն կարողանում ճնշումը բարձրացնել: Հնարավոր չէ միացնել լվացքի մեքենան, ջեռուցումը: Ոչ բոլորը հնարավորություն ունեն պոմպ տեղադրել: Եթե գոնե գիշերը ջուրը գա, մենք կհավաքենք », – ասում է Աղմաշենեբելի №18 հասցեում գտնվող բազմահարկ շենքի բնակիչներից մեկը:
Ախալքալաքի Միացյալ ջրամատակարարման կենտրոնի մենեջեր Արտակ Թառլամազյանն ասաց, որ տեղյակ է բարձրահարկ շենքերի խնդիրներին, սակայն բնակիչներին առայժմ կարող է միայն առաջարկել պոմպեր տեղադրել:
«Ես գիտեմ, նրանք նույնիսկ զանգահարել են թեժ գիծ: Բոլոր բնակիչները բացում են ծորակները և ճնշումը իջնում է, իսկ ամռանը նրանք ջրում են դաշտերը: Խնդիրը կարող է լուծվել միայն նոր ջրագծի կառուցման միջոցով: Նոր գիծ անցկացնելը հնարավոր է, բայց երբ դա կլինի, ես չեմ կարող ասել: Չգիտեմ, երևի նոր գիծը մունիցիպալիտետի ղեկավարության պարտականությունն է, մենք միայն սպասարկում և վերանորոգում ենք, իսկ գլոբալ աշխատանքներ մենք չենք իրականացնում », – ասում է Արտակ Թառլամազյանը:
Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ ինքն այդ խնդրի մասին չգիտեր:
«Ոչ գրավոր, ոչ բանավոր որևէ բողոք չեմ ստացել: Երևի դա պայմանավորված է ձմռան սեզոնի հետ, դրա մասին պիտի տեղյակ լինի Միացյալ ջրամատակարարման մենեջերը: Եթե նոր ջրագիծ անցկացնելու հարց կա, ու դա կլուծի հարցը, ապա գարնանը մենք մասնագետների կհրավիրենք, կքննարկենք և հնարավորության դեպքում կանենք», – ասաց Յուրիկ Ունանյանը:
Այս խնդիրը երկար ժամանակ է գոյություն ունի, սակայն, ինչպես երևում է, պատասխանատու կողմերը շահագրգռված չեն դրա լուծմամբ:
Շուշան Շիրինյան