Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում բանավեճ կայացավ երիտասարդների միջև: «Բանավեճի ակումբ» ծրագիրն Ախալքալաքում և Նինոծմինդայում իրականացնում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամը:

«Բանավեճ ակումբը» գործնական բանավեճեր վարելուց բացի օգնում է երիտասարդներին զարգացնել, քննարկելու և բանավիճելու կարողություններ ու հմտություններ ձեռք բերել: Այս ծրագիրը արդեն 15 տարի է Հայաստանում և տարբեր մարզերում իրականություն է: Նախօրոք ընտրվում են դպրոցներ, ստեղծվում են բանավեճի ակումբներ՝ աշակերտների կամավոր ընդգրկվածությամբ:

jyuri

«Ընտրվում է, մինիմում գոնե 4 դպրոց, որ հնարավոր լինի մրցակցություն ապահովել դպրոցների միջև: Ծրագրի սկզբից երեխաների հետ աշխատողները վերապատրաստվում են: Երիտասարդները կամավոր են ընդգրկվում «բանավեճի ակումբ» և սովորում են բանավիճել: Նպատակը մեկն է՝ քաղաքակիրթ բանավեճ, որը տալիս է շատ առավելություններ: Նախ աշակերտները զարգանում են, կրթվում են տրաբեր ոլորտներում, որպես քաղաքացի»,- ասում է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ ծրագրի պատասխանատուներից Զարուհի Համբարձումյանը:

Պատասխանատուները նշում են՝ բանավեճի թեմաները շատ տարբեր են լինում, թե մշակութային, թե կրթական, թե քաղաքական: Վերցնում են կոնկրետ մի իրավիճակ, ուսումնասիրում են, աշխատում են և սկսում կառուցողական բանավեճ կառուցել:

koxm

«Այս ծրագիրը շատ կոնկրետ արդյունք է տալիս, բայց ինքը պետք է մշտական լինի, անընդհատ պրոցես լինի, որովհետև մի տարում բանավեճ սովորելը շատ դժվար է: Առհասարակ մեր կրթական համակարգը շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած, և մեզանում թերանում են՝ քննադատական, վերլուծական մտածողություն զարգացնելու հարցում և սա ալտերնատիվ կրթության տարբերակ է»,- նշում է Զարուհի Համբարձումյանը:

Կրթական այս մեթոդն օգնում է աշակերտներին, նրանց հետագա ակտիվ ու պահանջատեր քաղաքացի կայանալու ճանապարհին:
Համբարձումյանը նշում է՝ բոլոր տեղերում մենք խնդիր ունենք, երեխաները ավելի կաշկանդված են, նրանք չափից ավելի քիչ գիտեն, կրթական բազան է թույլ:

«Հետևաբար բանավեճի որակը սկզբում շատ ցածր է լինում, բայց գնալով հետաքրքրություն է առաջանում երեխաների մոտ: Նրանք սկսում են հետազոտել և տարեցտարի տեսնում ենք արդյունք: Մեզ համար շատ կարևոր է, որ աշակերտը չամաչի, կանգնի ու սեփական կարծիքն արտահայտի», – ասում է Զարուհի Համբարձումյանը:

dem

«Բանավեճի ակումբ» ծրագիրն Ախալքալաքում և Նինոծմինդայում սկսվել է հոկտեմբեր ամսից և կավարտվի 2019 թվականի մայիս ամսին: Երևանում հանրապետական մրցաշար կանցկացվի, որտեղ կբանավիճեն 26-28 թիմ, որին կմասնակցեն Հայաստանի տարբեր մարզերից, Ջավախքից և Երևանից:

Աղունիկ Այվազյան