Ջավախքում դպրոցական վերջին զանգն ու դրան հաջորդող ավարտական երեկոներն առանձնահատուկ ճոխությամբ են նշում: Շրջանավարտ ունեցող բազմաթիվ ընտանիքներ ստիպված են լինում վարկով գումար վերցնել ավարտական միջոցառումների ծախսերը հոգալու նպատակով:
Շրջանավարտ ունեցող ընտանիքը գրեթե մեկ տարի առաջ պատրաստվում է, այսպես ասած հավուր պատշաճի նշելու երեխայի դպրոցական վերջին զանգը: Ջավախքում շրջանավարտի ծնողները ամեն կերպ ջանում են, որ ճոխ ու հետաքրքիր նշեն այն, որ մինչև մյուս տարի բոլորը խոսեն իր երեխայի հագուկապից, կամ սեղանին դրված բալի մեծությունից:
Մանվելը մեկն է 827 շրջանավարտներից, որոնք Ախալքալաքում հրաժեշտ տվեցին հարազատ կրթօջախին: Նրա ծնողները բանկից վարկով 1700 լարի են վերցրել, որպեսզի իրենց երեխան հետ չմնա մյուսներից:
«Ինչ անեմ, ուզեմ-չուզեմ պիտի անեմ: Նախ տղաս հո ամեն տարի դպրոցը չի ավարտում, կյանքում մի անգամ է: Չեմ ուզում, որ իմ երեխան վատ զգա, կամ հետ մնա իր դասընկերներից: Մի տարի էլ նեղ կապրենք ու վարկը կփակենք: Հույս ունեմ, որ ամուսնուս գործերը լավ կլինի, փող կուղարկի Ռուսաստանից և առանց խնդրի վարկը կփակեմ», – ասաց Մանվելի մայրը:
Ախալքալաքում Մանվելի ծնողները ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը: Մեզանում արմատավորված այս երևույթի պատճառով որոշ մարդիկ տարիներով պարտք են փակում: Իհարկե կան նաև մարդիկ, ովքեր նախընտրում են փոքր շրջապատում և թեթև նշել, իսկ տնտեսած միջոցները տրամադրել երեխային, ով շուտով ուսանող է դառնալու:
«Ախալքալաքցիներս սիրում ենք ամեն կերպ ճոխ ու հիշվող նշել մեր երեխայի դպրոցն ավարտելը, կարծես թե երեխան Օքսֆորդի համալսարան է ընդունվել: Ես բոլորին հայտարարեցի, որ չեմ նշելու և ոչ-ոք թող չգա վերջին զանգ: Նույնիսկ նոր կոստյում չեմ գնել, ընկերոջինն է հագել: Մի անգամ է հագնելու, իմաստ չեմ տեսնում 300 լարի տալու ու նորը գնելու մեջ»,- Jnews-ին պատմեց Կարինեն, ում որդին գերազանց առաջադիմությամբ ավարտել է դպրոցը:
Մեր հասարակությունում տիկին Կարինեն եզակի ծնողներից է, ովքեր հասարակական կարծիքին զոհ չեն գնում և որոշումները կայացնում են սեփական հնարավորություններից ելնելով:
Դպրոցական վերջին զանգի օրը ավարտականների հագուստը պետք է ոտքից գլուխ նոր լինի: Տղաները կոստյում են հագնում, իսկ աղջիկները հատուկ այդ օրվա համար կարված կամ գնված շրջազգեստներ: Տղաների ծնողները համեմատած աղջիկների ավելի քիչ են գումար ծախսում: Օրինակ. աղջիկները դիմահարդարում են անում, տղաները՝ ոչ:
«Վերջին զանգն ինձ համար նոր կյանքի ազդարար է, եթե սրանից առաջ դեռ դպրոցական էի և ինձ հորդորում էի, որ ահա լավ է, դեռ դպրոց եմ գնում ու փոքր եմ: Հիմա արդեն ես ինձ մեծ եմ զգում, ավելի պատասխանատու, ավելի ինքնուրույն ու նախաձեռնող: Ես ինձ շատ լավ եմ զգում երբ շնորհավորում են, գալիս են վերջին զանգ, նվերներ են բերում, ինձ դա ուրախացնում է: 23 փունջ միայն ծաղիկ եմ ստացել», – ասաց այս տարվա շրջանավարտներից Գոհարը:
Անին երեք ծաղկեփունջ է ստացել 101-ական վարդով, չհաշված մնացած ստացածները: Մոտավոր հաշվարկով նա 1300 լարիից ավելի ծաղիկ է ստացել:
«Այնքան շատ էր իմ ծաղիկներս, որ թափվում էր ձեռքերիցս: Նույնիսկ իրար վրա սղմվելով ահագին ծաղիկ էլ ջարդվել էր: Տանը մի սենյակ ծաղիկ կա շարած: Հաստատ գումար չէի ուզի, ինձ համար ծաղիկն ավելի նախընտրելի է»,- նշեց շրջանավարտներից Անին:
Ախալքալաքում ծաղկի վաճառքով զբաղվողները հրաժարվեցին Jnews-ին կոնկրետ նշել թե Վերջին զանգի միջոցառումների օրերին ինչքան են ծաղիկ վաճառել, նշելով. «Չեմ ասի ինչքան ենք վաճառել, բայց կնշեմ, որ տարեցտարի մերոնք ավելի շատ են գնում, նույնիսկ մարդիկ պարտքով են տարել և դեռ գումարը չեն բերել: Ամենավատը մեր ժողովրդի մեջ այն է, որ բոլորը նույն ծաղկեփնջից են ուզում, իհարկե կան նաև սեփական պատկերացումներով գալիս շատ ճաշակով ծաղկեփունջ են հավաքում: Մեր մոտ ամենաշատը վարդ է վաճառվում»,- ասաց ծաղիկ վաճառողներից մեկը, ով չցանկացավ նշել անուն ազգանունը:
Վերջին զանգի միջոցառումների գագաթնակետը ավարտական երեկոներն են: Այստեղ ևս մրցակցությունը թեժ է: Ում զգեստն ի՞նչ արժի, ու՞մն է ավելի գեղեցիկ, ու՞մ դիմահարդարում ու վարսահարդարումն է գեղեցիկ, այս հարցերը քննարկվում է գրեթե մեկ տարի, մինչև մյուս տարվա ավարտական երեկոն: Այս օրերին Ախալքալաքի գեղեցկության սրահների հիմնական քննարկվող թեման է շրջանավարտներից մեկի զգեստը, որը 1000 լարի արժե:
«Իմ զգեստն արժեր 480 լարի, դրան գումարած դիմահարդարում և վարսահարդարում, ռեստորանի գումարը 130 լարի, նկարահանողի գումարը: Մոտավոր 1000 լարի միայն ավարտական երեկոյի ժամանակ են ծնողներս ծախսել: Դա էլ մի անգամ է, հո ամեն տարի չեմ կարող իմ դասընկերների հետ քեֆ անել: Ավարտական դասարանական երեկոն շատ լավ անցավ, և միայն այդ պահին ես գիտակցում, որ չես ուզում բաժանվել դպրոցից ու հարազատ դարձած դասընկերներիցդ»,- նշեց Աշխենը:
jnews-ը ներկայացնում է ավարտական երեկոյի տղաների և աղջիկների ծախսերի մոտավոր հաշվարկը.
Created using Visme. An easy-to-use Infographic Maker.
Աղունիկ Այվազյան
Ինֆոգրաֆիկան՝ Քրիստինե Մարաբյանի