Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանում կառուցվում է մանկական խաղահրապարակ։ Ախալքալաքի տեղական բյուջեից հատկացվել է 29237 լարի, աշխատանքների կատարման մրցույթը շահել է անհատ ձեռներեց Սերգեյ Չոլախյանը՝ 23300 լարիի չափով։
Մանկական խաղահրապարակը գտնվում է փողոցային մարզասարքերի հարևանությամբ, որը կառուցվել էր 2022 թվականին։ Խաղահրապարակի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ըստ աշխատանքների ղեկավար Վարդան Չոլախյանի, աշխատանքները 3-4 օրից կավարտվեն։ Ատրակցիոնն ու ճոճանակները պատվիրվել են Թուրքիայից։
«Շինարարության ընթացքում դժվարություններ չեն եղել, ճոճանակներն արդեն հասել են Վրաստան»,- ասաց նա։
Մանկական խաղահրապարակը կունենա 15×8 մ չափեր, տարածքը բետոնապատված է և այս փուլում կատարվում են ծածկապատման աշխատանքներ։ Խաղահրապարակում կտեղադրվեն երկու տիպի հինգ հատ ճոճանակ և մեկ ատրակցիոն։