Այսօր, դեկտեմբերի 13-ին ընտրություններից 15 օր անց Ախալքալաքում Սերվիս կենտրոնի աշխատակիցները մաքրում են նախընտրական պաստառները, որոնք մոտ 4 ամիս է փակցված էին:

Այս տարի նախագահական ընտրություններն աչքի ընկան քարոզչական պաստառների առատությամբ: Ինչը նկատելի է պաստառների և բաններների բազմազանությունից, որոնք փակցված են քաղաքի փողոցներում, տների պատերին և ամենուր, որտեղ թույլատրվում էր դրանք սոսնձել: Հաճախ կարող ենք մի պատի վրա, տեսնել բոլոր թեկնածուների պաստառները:

Ընտրություններն արդեն ավարտվել են, և այժմ բոլոր քաղաքական սուբյեկտները, այսինքն` ընտրություններին մասնակցած կուսակցությունները պետք է հոգան այն մասին, որ փակցրած քարոզչական պաստառները հեռացնեն պատերից: «Վրաստանի ընտրական օրենսգիրքը» (հոդված 46) սահմանում է այն ժամանակահատվածը, թե մինչև երբ պետք է մաքրվի:

«Ընտրությունների վերջնական արդյունքների պաշտոնական հրապարակումից 15 օրվա ընթացքում համապատասխան ընտրական սուբյեկտը պարտավոր է ապահովել քարոզչական նյութերի մաքրումը, հակառակ դեպքում այն պատասխանատվություն կկրի Վրաստանի օրենսդրությամբ»:

Ախալքալաքի սերվիս կենտրոնը վերջապես ազատում է քաղաքը 4 ամիս կայուն ներկայությունն ապահովված քարոզչական պաստառներից: