Այսօր՝ մարտի 12-ին, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների շուրջ 60 վարորդներ հերթ էին կանգնել Ախալքալաքի ՆԳՆ Սպասարկման գործակալության ծառայության կենտրոնի դիմաց: Նրանք բողոքում էին Սպասարկման կենտրոնի աշխատանքից, դանդաղ սպասարկումից և աշխատակիցների կոպիտ վերաբերմունքից:
Վրաստանի ՆԳՆ Սպասարկման գործակալության Ախալցիխեի Սպասարկման կենտրոնի աշխատակիցներն, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների բնակչությանը սպասարկելու համար, ամեն ուրբաթ գալիս են Ախալքալաք: Ամեն ուրբաթ Սպասարկման կենտրոնի մոտ երկար հերթեր են, սակայն վերջին ամսվա ընթացքում հերթերն ավելի են մեծացել: Վարորդները մինչ ապրիլի 1-ը շտապում են փոխել հին պետհամարանիշերը, քանի որ նրանց ժամկետը լրանում է հենց այդ ժամանակ:
Վարորդները մտահոգված են, որ սպասարկման կենտրոնի նման տեմպերով աշխատելու դեպքում նրանք ժամանակին չեն հասցնի փոխել մեքենայի պետհամարանիշները:
Ժամը 11: 00-ին Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում շուրջ 60 մարդ կար, դեռ չէր սկսվել ընդունելությունը: Հերթում կանգնած մարդիկ լարված էին, միմյանց հետ վիճում էին «իրենց հերթի» համար: Կենտրոն մտնելու համար մարդիկ ժամանակից շուտ գալիս են այստեղ և հերթագրվում թղթի վրա, որը տեղում կազմակերպել են հենց սպասողները: Թղթի վրա գրանցվել է մոտ 300 մարդ: Արդյունքում, կենդանի հերթը և թղթի վրայի ինքնակազմակերպ հերթը իրար չեն համընկնում, և առաջանում են վիճաբանություններ:
Հավաքվածները բողոքում են, որ Սպասարկման կենտրոնում միայն մեկ մարդ է աշխատում:
«Իմ հաշվարկներով, շրջանում կա 2000 հին պետհամարանիշով ավտոմեքենա: Նրանք օրական սպասարկում են 30-40 մարդ, մինչև ապրիլի 1-ը չեն հասցնի: Մենք ուզում ենք, որ նրանք ամեն օր աշխատեն կամ աշխատակիցների թիվն ավելացնեն: Միայն մեկ համակարգիչ է աշխատում », – բողոքում է Ժորա Գինոյանը:
Հերթը վերահսկում են հենց վարորդները:
«Ինչու նրանք չեն հերթագրում ինտերնետով, որպեսզի այսքան մարդ չլինի, և բոլորը գան իրենց ժամանակին», – ասում է Խաչիկ Չնավայանը:
Ըստ հավաքվածների, միակ աշխատակիցը գալիս է 10:20-ին:
«Եթե գոնե սկսեին ժամը 9: 00-ին: Նրանք մարդկանց սկսում են ընդունել ժամը 10:30-ին: Մեկ ժամում նրանք 10 հոգու կսպասարկեն», – բողոքում է հավաքվածներից մեկը:
«Թող գան ամեն օր կամ երկարացնեն ժամկետը (խմբ. հին պետհամարանիշների գործողության վերջնաժամկետը) մեկ ամսով: 300 մարդ հերթում է, ըստ ցուցակների: Նրանք չեն հասցնի: Ավելին, նրանք մեզ շատ անբարյացակամ ու կոպտորեն են սպասարկում », – ասում է մեկ ուրիշը:
ՆԳՆ գործակալության հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Սալոմե Էպիթաշվիլին ասում է, որ Ախալքալաքում աշխատողների թվի կամ ծառայության մատուցման օրերի ավելացման մասին խոսք չի կարող լինել: Իսկ այն, որ մինչ ապրիլի 1-ը մարդիկ չեն հասցնի փոխել իրենց հին պետհամարանիշերը, վարչության պետի տեղակալն ասում է, որ դա խնդիր չէ, ապրիլի 1-ից հետո կարող են համարները փոխել, պարզապես չպետք է հին համարներով մեքենան վարեն մինչ դրանք չփոխվեն:
Ինչ վերաբերում է հերթագրվելուն, դա հնարավոր է առցանց ամրագրել Sagency բջջային հավելվածի միջոցով:
Հին պետհամարանիշերը նորով փոխարինելու ժամկետը երկարաձգվել է