Ախալքալաք քաղաքի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 4 հանրային դպրոցում տնօրենի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած Նաթելա Գրիգորյանը դժվարությամբ, բայց լքում է զբաղեցրած պաշտոնը:
Տիկին Նաթելան դպրոցում մանկավարժական գործունեությամբ զբաղվել է 53 տարի: Կես դարից ավելի իր կյանքը նվիրելով դպրոցին՝ կրթել է շատ սերունդներ:
Նաթելա Գրիգորյանի կարծիքով, դպրոցի ղեկավարի համար չկա ավելի մեծ գնահատական, քան ղեկավար մարմինների, իր կոլեգաների, իր աշակերտների և նրանց ծնողների գովեստի և ինչու ոչ նաև ափսոսանքի խոսքերը:
«Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանին, պարոն Մանուչարին և շրջանի այն բոլոր տնօրեններին, ովքեր հուլիսի 8-ին մեծ հանդիսավորությամբ կազմակերպեցին ինձ համար հրաժեշտի երեկո, իսկ այնուհերև հուլիսի 13-ին, արդեն իմ սիրելի գործընկերներն էին կազմակերպել հրաժեշտի երեկո, որի համար անչափ շնորհակալ եմ», – JNEWS-ի հետ զրույցում ասաց նա:
Նաթելա Գրիգորյանը նշում է, չնայած դուրս է գալիս դպրոցից, որն իրեն տխրեցնում է, սակայն ուրախ է, որ տարիների իր նվիրված աշխատանքը գնահատվել է:
«Եթե հնարավոր լիներ նորից ջահելանալու, ես կրկին կընտրեի մանկավարժի մասնագիտությունը և կաշխատեի հենց իմ սիրելի դպրոցում, քանզի շատ դժվար է բաժանվելը հարազատ դարձած կոլեկտիվից, սաներից և դպրոցից: Սակայն այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ», – ասաց տիկին Նաթելան:
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունից մեր ստացած տեղեկության համաձայն՝ այս պահի դրությամբ պաշտոնական տվյալների մեջ փոփոխություն չկա, և որպես դպրոցի տնօրեն նշված է Նաթելա Գրիգորյանի անուն ազգանունը, բայց ո՞վ կզբաղեցնի տնօրենի թափուր պաշտոնը նախարարությունը դեռ հստակ պատասխան չունի:
Այս պահին Նաթելա Գրիգորյանն իր գործերը փոխանցել է դպրոցի ուսմասվար Գայանե Երեմյանին, ով մինչև նոր մրցույթն ու տնօրենի նշանակումը կաշխատի որպես պաշտոնակատար։
Նաթելա Գրիգորյանի մասին կարող եք կարդալ՝
«Իմ տարերքը մանկավարժությունն է». Նաթելա Գրիգորյան