Ախալքալաքի շրջանի գյուղերում ոչ մասսայական, սակայն արդեն սկսվել է կարտոֆիլի բերքահավաքը։

Դեռ նոր է սկսվել աշունը, սակայն Ախալքալաքի շրջանի գյուղերի բնակիչները արդեն սկսել են բերքահավաքը, թե ինչի՞ համար են այսքան շտապում, Jnews-ը փորձեց ճշտել հավաքողներից։

Կաջո (պաշտոնական. Կոչիո) գյուղի բնակիչը հավաքում է կարտոֆիլը քանի որ գումար է հարկավոր։

ashxatanq

“Այս տարի ենք շուտ սկսել, քանի որ փող է պետք։ Պետք է տանենք Թբիլիսի վաճառելու, թե չէ դեռ հիմնական բերքահավաքը չենք սկսել”, – ասաց Կաջո գյուղի բնակիչը։

Օրջա, Բարալեթ և մյուս գյուղերում նույնպես որոշ բնակիչներ բերքահավաքը ժամանակից շուտ են սկսել, պատճառաբանումը նույնն է՝ ֆինանսական խնդիրներն են։

Հարցի վերաբերյալ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկա-խորհրդատվական կենտրոնի առաջին կարգի ավագ մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասում է, որ բերքահավաքը շուտ են սկսել նաև այն ֆերմերների, ովքեր շատ են ցանել։

“Հիմա ոչ բոլորն են սկսել բերքահավաքը, այն մարդիկ են շտապում, ովքեր շատ են ցանել և ովքեր ֆինանսի կարիք ունեն, իսկ մասսայական սեպտեմբերի 20-ին կսկսվի”, – ասաց Ռամազ Գոգոլաձեն։

Նա հավելեց նաև, որ գլոբալ տաքացումը ազդեցություն է ունեցել նաև Ախալքալաքի վրա։ Եթե առաջներում կարտոֆիլը ցանում էին մայիս ամսի վերջերին, հիմա արդեն ապրիլի 15-ից է սկսվում։

Կարտոֆիլի աճի համար պահանջվում է 120-130 օր, սակայն շուտ հավաքված կարտոֆիլը նկուղներում պահել չի լինի, քանի որ նկուղի սառնությունն ու կարտոֆիլի տաքությունը մթերքը կփչացնեն։

Ժողովրդի մեջ տարածված խոսակցությունը, թե կարտոֆիլը անպայման պետք է ցրտահարությունից հետո հանել հողից, Ռամազ Գոգոլաձեն մեկնաբանեց հետևյալ կերպ.

“Ցրտահարությունը կարևորում են նրա համար, որ կան ուշահաս կարտոֆիլներ, որոնք արմատներից չեն անջատվում և ցրտահարությունը օգնում է, որպեսզի արմատներից անջատվի, համ էլ կճեպը չի վնասվի”, – ասաց նա։

kartofil q

Սակայն հիմա տարբեր երկրներում ժամանակակից տեխնոլոգիաներ կան, որոնք այսպես ասած ցրտահարության դեր են տանում, հատուկ դեղաքիմիկատներ են։

Ըստ Գոգոլաձեի անցած տարվա համեմատ այս տարի գինը հարմար է բոլորի համար։

“Գինը հարմար է ֆերմերների համար, կարտոֆիլը դաշտից վաճառվում է, իսկ դաշտից վաճառելը բոլորս էլ գիտենք, որ ավելի հարմար ու շահավետ է, գինը 60-70 թեթրի է”, – հավելեց նա։

Պետք է նշել, որ խոշոր ֆերմերները ունեն մշտական գնորդներ, իսկ փոքր հողագործները վաճառում են կամ դրսից եկած գնորդներին, կամ ինքներն են տանում Ախալքալաքից դուրս վաճառելու:

Գայանե Ակոջյան