Մեկ տարի առաջ Նադիմը մտածել է, հավատացել ինքն իրեն և սկսել ելակի բիզնես: Այսօր արդեն բերքն է հավաքում: Դժվարություններ կան, սակայն միշտ փնտրում է նոր մոտեցումներ խնդիրները հաղթահարելու ու բիզնեսը զարգացնելու համար:

Ախալքալաքի շրջանի Պտենա գյուղում Նադիմ Աբաշիձեն ելակ է մշակում: Բերքն առանց որևէ խնդրի իրացնում է Ախալքալաքի շուկայում:

Շնորհիվ նոր բիզնեսի, գյուղաբնակ 5 կանայք մշտական աշխատանք ունեն: Նրանք տիրապետում են ելակի մշակման բոլոր նրբություններին:

Նադիմ Աբաշիձեն եղածով չի բավարարվում և արդեն մտածում է ելակի բիզնեսն ընդարձակելու մասին: Նա արդեն աշխատանք է տանում ելակի սածիլներ մշակելու և դաշտերն ընդլայնելու ուղղությամբ:

«Ես ուզում եմ, որ Ախալքալաքի շրջանը չընկալեն միայն կարտոֆիլ մշակող, մեր հողերը բերրի են և ամեն ինչ աճում է: Բնակլիմայական պայմանները շատ հարմար են տարբեր մշակաբույսեր աճեցնելու համար», – ասաց ելակ մշակող Նադիմ Աբաշիձեն:

Մանրակրկիտ հաշվի առնելով շրջանի բնակլիմայական առանձնահատկությունները ռիսկի է դիմել և ծովի մակերևույթից 1700 մետր բարձրության վրա ելակի դաշտեր է հիմել: Ստացած արդյունքից դժգոհ չէ:

Աղունիկ Այվազյան