Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքն իր գագաթնակետին է հասել, ֆերմերները հիմնականում գոհ են բերքից, բայց դժգոհում են գնորդների պակասից և ցածր գնից:

Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլի բերքահավաքը բուռն ընթացքի մեջ է: Չնայած այն հանգամանքին, որ ամռանը մի քանի գյուղերում կարկուտը փչացրել է բերքը, այս տարի, նախորդ տարվա համեմատ, հողագործները գոհ են բերքից, սակայն կարտոֆիլի ներկայիս գինը ցածր է:

Մաջադիան այն գյուղերից է, որի դաշտերը չեն ոռոգվում, գյուղը չունի ոռոգման համակարգ:

Մաջադիա գյուղից Սարգիս Մարգարյանին մենք հանդիպեցինք կարտոֆիլ հավաքելիս: Այն դաշտում, որտեղ նա կարտոֆիլ էր հավաքում, բերքատվությունը միջին էր:

«Ես ցանել եմ 50 հար կարտոֆիլ, այս դաշտում միշտ այսքան է բերքը: Մեր դաշտերը չեն ոռոգվում, մենք կախված ենք եղանակից », – ասում է Սարգիս Մարգարյանը:

Նույն գյուղից Կարո Էվաջյանը այս տարի խոպան չի գնացել և ավելացրել է կարտոֆիլի ցանքատարածքը, նա գոհ է բերքից, բայց բողոքում է, որ գնորդներ չկան և գինը ցածր է:

«Գնորդներ չկան, անցյալ տարի այս ժամանակ գնորդները շատ էին: Եվ գինը մեզ համար նորմալ չէ: Թբիլիսիում հատընտիր կարտոֆիլի գինը 40-50 թեթրի է: Իսկ ես, օրինակ, պետք է գոնե 70 թեթրիով վաճառեմ, որպեսզի վնաս չկրեմ: Ես մշակել եմ ինչպես հարկն է, ծախս եմ արել», – ասում է Կարո Էվաջյանը:

Մնացական Ղարսլյանը նույնպես գոհ է բերքից, բայց դժգոհում է ցածր գնից: Նրա խոսքով, ինքը կատարել է մշակման բոլոր ընթացակարգերը, բացառությամբ ֆիտոֆթորայի դեմ դեղերի, և 1 կգ կարտոֆիլի դիմաց 50 թեթրի գինն իրեն չի ուրախացնում:

«Ամենալավ կարտոֆիլն այժմ վաճառվում է 50 թեթրիով: Սա շատ քիչ է, բայց ես գոհ եմ բերքից », – ասում է նա:

Արագվա գյուղից Արթուր Ափտոյանը դժգոհում է գնից և ասում, որ կարտոֆիլի ինքնարժեքը կիլոգրամը 55 թեթրի է:

«Հիմա ես ստիպված եմ վաճառել 70-80 թեթրիով, որպեսզի վնաս չկրեմ: Ես ահագին ծախսել եմ մշակման վրա: Ես տնկել եմ էստրելա տեսակը: Ոռոգել եմ դաշտերը: Ես գոհ եմ բերքից: Ես աշխատողներին վճարում եմ օրական 30-35 լարի, վճարում եմ տրակտորի համար: Միայն թե լավ գին լինի, բայց մինչ այժմ ամեն ինչ վատ է », – ասում է Արթուրը:

kartofel