Գյուղնախարարության Ախալքալաքի խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները գյուղատնտեսության ոլորտի խնդիրները քննարկեցին Սակրեբուլոյի պատգամավորների հետ: Հանդիպման այրդունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց հաճախակի կազմակերպել նման խորհրդատվական-տեղեկատվական հանդիպումներ ոչ միայն պատգամավորների, այլև գյուղացիների հետ:
Հունիսի 19-ին, Ախալքալաքի Սակրեբուլոյում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում գյուղատնտեսության ոլորտի խնդիրների ու առաջնահերթությունների վերաբերյալ: Կողմերը երկուստեք արձանագրեցին, որ Ախալքալաքի հողագործները պետք է մտածեն նոր մշակաբույսեր մշակելու և շուկայում մրցունակ լինելու մասին:
«Լայն ֆորմատով հանդիպում էր, որտեղ քննարկվեց գյուղնախարարության նոր ծրագրերն ու ոլորտի խնդիրները, կարծում եմ հետաքրքիր էր, և ստիմուլ, որ նման հանդիպումները ավելի հաճախակի լինեն: Որոշեցինք ամեն տարածքի պատգամավորի հետ հանդիպումներ կազմակերպել հենց գյուղերում և ներկայացնել Գյուղատնտեսության նախարարության նոր ծրագրերը, որպեսզի մարդիկ տեղեկացված լինեն»,- ասաց Գյուղնախարարության Ախալքալաքի խորհրդատվական կենտրոնի տնօրեն Ռամազ Գոգոլաձեն:
Ախալքալաքի շրջանը առավելապես հայտնի է, որպես կարտոֆիլ մշակող շրջան: Գյուղնախարարության Ախալքալաքի խորհրդատվական կենտրոնի աշխատակիցները կարևորեցին, որ շրջանը կամաց-կամաց սկսի այլ մշակաբույսեր ևս աճեցնել։ Եվ, որ ամենակարևորն է գյուղատնտեսական շուկայում մրցունակ ու պահանջված մթերք արտադրի:
«Մենք պետք է այնպես անենք, որ կարտոֆիլին զուգահեռ այլ մշակաբույսեր ևս մշակենք: Նախ տարբեր կուլտուրաները կփոխեն հողի քիմիական կազմը, բերքատվությունը կբարձրանա: Մենք ներկայացրինք այն մշակաբույսերը, որոնք կարող են կարտոֆիլին փոխարինել, օրինակ գազար, սխտոր, սունելի և այլն: Այս մշակաբույսերը առաջին հերթին եկամտաբեր են, սրանցով եվրոպական շուկան է հետաքրքրված և իրացումն ավելի հեշտ է»,- ասաց Ռամազ Գոգոլաձեն:
Ըստ Գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի խորհրդատվական կենտրոնի Վրաստանում գյուղատնտեսական մշակաբույսերի, մասնավորապես՝ սխտորի, գազարի և սունելիի մեծ պահանջարկ կա:
Հարկ է նշել, որ 2017 թվականին Ախալքալաքի շրջանում ցանել են.
Գազար՝ 173 հեկտար
Ճակնդեղ՝ 57 հեկտար
Կաղամբ՝ 42 հեկտար
Սխտոր՝ 20 հեկտար
Սունելի՝ 45 հեկտար
Իսկ 2018 թվականին ցանել են.
Գազար՝ 219 հեկտար
Ճակնդեղ՝ 138 հեկտար
Կաղամբ՝ 57 հեկտար
Սխտոր՝ 4 հեկտար
Սունելի՝ 102 հեկտար
Աղունիկ Այվազյան