2018-ի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ – Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52%-ով: Այդ մասին ասվում է «Հարավկովկասյան երկաթուղու» հայտարարության մեջ, որը հրապարակվել է ընկերության կայքում:

Դեպի Հայաստան ցորենի և որոշ հացահատիկային կուլտուրաների փոխադրումների սակագների բարձրացումը կանխելու նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած բանակցությունների արդյունքում՝ «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների միջև ընդունվել է համատեղ որոշում։

Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներկրումը բեռնատարներով՝ փոխարենն առաջարկելով օգտվել ծովային ճանապարհով կամ երկաթուղով: Մինչդեռ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում է ցորենը Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, բեռնատարներով: Հայաստանը միջինը տարեկան 280-300 հազար տոննա ցորեն է ներկրում: 2017-ին ներմուծվել է մոտ 308.000 տոննա:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Վրաստանի արգելքը կարող է հացահատիկի թանկացման պատճառ դառնալ: Հարցը բարձրացվել էր նաև Ազգային ժողովի արտահերթ նիստում: