Այսօր, ապրիլի 30-ին Վրաստանը նշում է զինված ուժերի հիմնադրման 27-ամյակը:
Վրաստանի Զինված ուժերի օրվա կապակցությամբ Վազանիում (Թբիլիսիի մոտ) Վրաստանի Զինված ուժերի հրապարակում անցկացվեցին տոնական միջոցառումներ: Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեն, Պաշտպանության նախարար Լևան Իզորիան և այլ իշխանության ներկայացուցիչներ շնորհավորեցին վրացի զինվորականներին մասնագիտական օրվա առթիվ:
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հպարտության համար, որով ես երբեմն լցվում եմ, երբ շփվում եմ մեր միջազգային գործընկերների հետ, այն հաստատակամության համար, որը դուք ցուցաբերում եք և ձեր գործընկերները երկար տարիներ միջազգային առաքելություններում, բարձրացնելով մեր հայրենիքի դրոշը», – ասել է Մարգվելաշվիլին, անդրադառնալով հավաքված զինծառայողներին:
Վազիանիի տարածքում ցուցադրվել է զինվորական տեխնիկան, ինչպես նաև այս տարվա հունվարին Վրաստանի կողմից Միացյալ Նահանգներից ձեռք բերված “Ջավելին” (Javelin) տեսակի հակատանկային հրթիռային համակարգը:
Վրաստանի Զինված ուժերի հիմնադրման տարեթիվը` 1991 թ.-ի ապրիլի 30-ն է:
Վրաստանի Զինված ուժերում ծառայում է մոտ 37 հազար մարդ: Այդ թիվը որոշվում է երկրի Ազգային անվտանգության խորհրդի կողմից: Գլխավոր շտաբը պատասխանատու է Զինված ուժերի համար, որն իր հերթին ենթակա է պաշտպանության նախարարությանը: Վրաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը գեներալ-մայոր Վլադիմիր Չաչիբայան է, իսկ երկրի պաշտպանական բաժինը ղեկավարում է Լևան Իզորիան:
Բանակը հիմնականում համալրված է պայմանագրայիններով: Սակայն, Վրաստանի Զինված ուժերը ամեն տարի համալրվում է զորակոչիկներով: Պարտադիր զինվորական ծառայությունը տևում է մեկ տարի, իսկ պայմանագիրը կնքվում է չորս տարի ժամկետով: