Ընդհանուր առմամբ կենսաթոշակային բարեփոխումների գաղափարը ճիշտ է և ընդունելի, քանի որ երկարաժամկետ հեռանկարում դա դրական ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա, սակայն այսօր երկիրը պատրաստ չէ դրան: Այս մասին ասել է BDO ընկերության ղեկավար Զուրաբ Լալազաշվիլին` մեկնաբանելով երկրում կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման առաջին արդյունքները:
Ըստ նրա, առաջին հերթին բնակչությունը պետք է վստահ լինի նրանում, որ խնայողությունները կգնան ճիշտ ուղղությամբ, կլինեն եկամտաբեր, և երկարժամկետ հեռանկարում չեն կորչի, բայց հենց այդ վստահությունը դեռևս գոյություն չունի:
«Մենք դեռևս ունենք նորմ, սակայն դեռ կոնկրետ գործողություններ չկան, հետևաբար, շատ դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի հետո: Շատ հնարավոր է, որ ամեն ինչ լավ ընթացք ունենա, և մենք դրական արդյունք ունենանք: Բայց, ինչ մենք տեսնում ենք հիմա, արդեն կարող ենք ասել, որ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը կատարվում է տեխնիկական թերություններով: Մինչդեռ նոր համակարգի ուժի մեջ մտնելն ակնհայտ էր, որ այն բավականաչափ պատրաստված չէր, անհրաժեշտ ենթակառուցվածք չկար, բնակչությունը նույնպես պատրաստ չէր: Բայց իշխանությունները մեզ համոզում էին, որ ամեն ինչ կարգավորված է», – ասել է գործարարը:
Վրաստանում 2019 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կուտակային կենսաթոշակային համակարգը, որը վերաբերում է 40 տարեկանից ցածր աշխատող բոլոր քաղաքացիներին: Այն նախատեսում է Կենսաթոշակային գործակալությունում երեք տեսակի վճարումներ՝ աշխատակիցը վճարում է աշխատավարձի 2%-ը, պետությունը վճարում է կրկին 2%, իսկ մյուս 2%-ը վճարում է գործատուն: