Դեպի Բորժոմի շրջանի Տաբածղուրի գյուղ տանող ճանապարհները, ինչպես Ախալքալաքի կողմից, այնպես էլ Բակուրիանի, գտնվում են ավերված և անանցանելի վիճակում:

табацкури

Բորժոմի շրջանի հայաբնակ Տաբածղուրի գյուղ Ախալքալաքից հնարավոր է հասնել, բայց պետք է պատրաստ լինել այն բանին, որ արդեն հետդարձի ճանապարհին մեքենան շարքից դուրս կգա, կանջատվեն որոշ սարքավորումներ: Իսկ ուղևորները երկրորդ անգամ դժվար թե ուզենան նորից գնալ: Ձմռանը հաճախ ճանապարհները փակվում են ձյան պատճառով: Ձյան շերտն այստեղ հասնում է մինչև 2 մ.-ի և ավելին: Այդ ժամանակ ամբողջ աշխարհից կտրված գյուղի բնակիչները բուրաններով են գնում ուտելիք, դեղորայք և մնացած անհրաժեշտ պարագաները գնելու:

sneg

Գարնանը և աշնանը այս ճանապարհները նույնպես անանցանելի են, կարող եք խրվել ցեխաջրերում և այնտեղից դուրս չգալ: Բակուրիանիով Տաբածղուրի հասնելը նույնպես հեշտ չէ: Այս ճանապարհը փակվում է արդեն նոյեմբեր ամսից մինչև մայիս: Ճանապարհի բոլոր դժվարությունները մեկ վայրկյանում անհետանում են, երբ դիմացդ բացվում է հրաշալի մի բնություն, Վրաստանի ամենագեղեցիկ լճերից մեկի` Տաբածղուրիի տեսարանով:

Բոլոր նրանք, ովքեր եղել են Տաբածղուրիում, ասում են՝ այս գյուղն իր լճով շատ գրավիչ է զբոսաշրջիկների համար: Տաբածղուրիի բնակիչների կարծիքով, զբոսաշրջիկները գալիս են, հանգստանում են վրանային ճամբարներում կամ քոթեջներ են վարձում: Սակայն ճանապարհների պատճառով, այս տարածքը մնում է Վրաստանի տեսարժան վայրերի տուրիստական ցանկից դուրս:

Բորժոմի քաղաքապետարանից, մեր հարցերին ճանապարհի վիճակի մասին պատասխանեցին, որ Բակուրիանի-Տաբածղուրի ճանապարհը պետական մայրուղի է, որը գտնվում է Ճանապարհային դեպարտամենտի պատասխանատվության ներքո, և այդ ճանապարհի մասին մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել այնտեղ: Իսկ ինչ վերաբերում է շրջանի ներքին ճանապարհներին, պատասխանը հետևյալն է.

«Բալատնա-Տաբածղուրի 14 կմ ճանապարհահատվածի վերականգնումը նախատեսվում է 2019-2020 թվականներին: Վերականգնման ծրագիրն իրականացվելու է երկու փուլով: Մենք կարծում ենք, որ ճանապարհների վերականգնումը կարևոր է զբոսաշրջության զարգացման համար: Բարձր լեռնային գյուղերում հյուրանոցներ բացող գործարարների թիվն աճում է: Տեղական ինքնակառավարությունը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել նրանց»:

Tabacxuri

Տեղեկանալու համար, թե ինչ պլաններ ունի Ախալքալաքի շրջանի տեղական իշխանությունները ճանապարհների վերաբերյալ, որոնք տանում են շրջանի սահմաններ, և կոնկրետ Տաբածղուրիի ուղղությամբ Բեժանո գյուղ, Ախալքալաքի շրջանի ենթակառուցվածքային ծառայության ղեկավար Ալբերտ Նահատակյանը նշեց, որ այդ ուղղությամբ ճանապարհների վերանորոգման ծրագրեր կան, սակայն դեռ պարզ չէ երբ կիրականացվեն:

Տաբածղուրի գյուղ տանող ճանապարհի վերականգնման պլանների մասին ավելի մանրամասն իմանալու համար, Jnews.ge-ն դիմեց Ճանապարհային դեպարտամենտ, սակայն մեկ շաբաթ փորձեցինք կապվել որևէ մեկի հետ, ով կպատասխաներ մեր հարցերին, սակայն ապարդյուն:
Ճանապարհային դեպարտամենտի մամլո ծառայությունում երկար վերահասցեագրելուց հետո մեզանից խնդրեցին պաշտոնական դիմում, որը մենք կուղարկենք և պատասխանները կհրապարակենք մեր կայքում:

Լուսանկարներն արվել են 2018թ.-ի ապրիլի սկզբին

Քրիստինե Մարաբյան