Այս տարի կվերանորոգվի Ախալցիխե-Նինոծմինդա պետական նշանակության ավտոմայրուղին, – այս մասին տեղեկացանք Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։

Վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 98-112 կմ հատվածում, ինչպես նաև Կոդա-Փարծխիսի-Մանգլիսի-Նինոծմինդա ավտոճանապարհի 77-92 կմ հատվածում։

Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի ասֆալտը քայքայված է, ամենուր փոսեր են առաջացել: Վարորդները բողոքում են՝ մեքենաները վնասվում են, երթևեկության ժամերն ավելանում։

Իսկ Նինոծմինդա-Բավրա սահմանային անցակետ տանող ճանապարհահատվածն ամբողջովին կաթվածահար վիճակում է գտնվում: Այն ճանապարհը, որը կարելի էր հաղթահարել կես ժամում տևում է մեկ ժամ։

Հիմա նախագծային աշխատանքներ են իրականացվում Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհի 70-86 կմ հատվածում և Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհի 79-80 կմ հատվածում, որից հետո արդեն կսկսվի վերանորոգման աշխատանքները։

Գայանե Ակոջյան