Երեկ, մարտի 20-ին, Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները մահացած Արչիլ Տատունաշվիլիի մարմինը հանձնեցին վրացական կողմին: Ազգային քննչական բյուրոյի հետազոտությունից հետո Տատունաշվիլիի դին տեղափոխվեց նրա տուն` Ծիլկանի:

Մարմնի հանձնումը Վրաստանի իշխանություններին կատարվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անմիջական մասնակցությամբ:

Պրոցեսին մասնակցել են Վրաստանի պետական անվտանգության ծառայության վերլուծական վարչության պետի տեղակալ Կախա Քեմոկլիձեն, Վրաստանի Հաշտության և քաղաքացիական հավասարության պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլին և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Մահացածի մարմինը վրացական կողմին է փոխանցվել Էրգնեթի սահմանակետում: Լևան Սամխարաուլիի Ազգային հետազոտական բյուրոյում հետազոտությունը տևել է ավելի քան 7 ժամ: Պրոցեսին մասնակցել է նաև ընտանիքի կողմից վարձված մասնավոր փորձագետը:

Տատունաշվիլիի հայրենի Ծիլկանում եղել են շարքային քաղաքացիներ, զոհվածի համագյուղացիներ, ինչպես նաև հոգևորականներ, ովքեր կատարել են Տատունաշվիլիի թաղման արարողությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Ախալգորիում օկուպացիոն ռեժիմի կողմից ձերբակալվել էին Վրաստանի երեք քաղաքացիներ՝ Արչիլ Տատունաշվիլին, Լևան Կուտաշվիլին ու Իոսեբ Պավլիաշվիլին: Փետրվարի 23-ին տարածվեց տեղեկատվություն այն մասին, որ Արչիլ Տատունաշվիլին մահացել է անհայտ հանգամանքներում: Ըստ Օսական լրատվամիջոցների, Արչիլ Տատունաշվիլին մահացել է Ցխինվալիի հիվանդանոցում:

Լևան Կուտաշվիլին ու Իոսեբ Պավլիաշվիլին Ախալգորիից հեռացել են մարտի 11-ին: