Վրաստանում այսօրվանից ռեստորաններում թույլատրվում է կենդանի երաժշտություն: Համակարգող խորհրդի նիստից հետո այս մասին հայտնել է կառավարության վարչության ղեկավար Իլիա Դարչիաշվիլին:

Կառավարության որոշման համաձայն՝ մարտի 8-ից ռեստորանները վերաբացվեցին, սակայն առանց կենդանի երաժշտության թույլտվության:

Ռեստորաններն ու բարերը շարունակում են մի շարք սահմանափակումներով աշխատել. օրինակ` փակ են հանգստյան օրերին, իսկ աշխատանքային օրերին ստիպված են ժամը 21:00-ին ավարտել աշխատանքը` պարետային ժամի պատճառով:

Ապրիլի 1-ից մանկական ժամանցի կենտրոններն ու կինոթատրոնները ևս կկարողանան վերսկսել աշխատանքը:

Համակարգող խորհուրդը մարտի 28-ին նախատեսված Վրաստանի և Իսպանիայի հավաքականների միջեւ ֆուտբոլի հանդիպմանը որոշել է թույլատրել հանդիսատեսին մասնակցել՝ հեռավորության և բոլոր համապատասխան համաճարակաբանական անվտանգության չափանիշների պահպանմամբ: Տրիբունաների միայն 30 տոկոսն է զբաղված լինելու:

Գիշերային ժամերի արգելքը հանելու ժամկետներ դեռ պարզ չեն. ավելի վաղ ասվել էր, որ քննարկվում է պարետային ժամը հանելու կամ ժամերը երկարաձգելու հարցը, սակայն կոնկրետ որոշում դեռ չկա: Հիշեցնենք` Վրաստանում 21:00-05:00 հատվածում դրսում ոտքով ու մեքենայով տեղաշարժի համար տուգանքը 2000 լարի է (մոտ 600 դոլար):