Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է 2024 թվականի հունվարի 1-ից սահմանափակել խոշոր տրանսպորտային միջոցների (M3, H2 և H3 կատեգորիաներ) երթևեկը պիկ ժամերին՝ մայրաքաղաքի որոշ թաղամասերում։
Սահմանափակումները կգործեն 08:00-ից 11:00-ն և 17:00-20:00-ն, բացի հանգստյան օրերից և օգոստոս ամսից, երբ քաղաքը դատարկվում է արձակուրդային շրջանի պատճառով:
«Այսօր՝ պիկ ժամին, ավելի քան 600 000 մասնավոր ավտոմեքենա է շրջում մայրաքաղաքով։ Խնդիրն այն է, որ խցանումների ժամանակ պիկ ժամերին հաճախ են հանդիպում մեծ բեռնատարներ, որոնք իրենց չափերի պատճառով էլ ավելի են դժվարացնում երթեւեկությունը»,- ասել է քաղաքապետ Կախա Կալաձեն։
Նոր կանոնները չեն տարածվի հասարակական տրանսպորտի, դպրոցական ավտոբուսների, «արտակարգ և կյանքին վտանգ սպառնացող իրավիճակների վերացման համար» նախատեսված տրանսպորտի կամ այն տրանպորտային միջոցների վրա, որոնք անհրաժեշտ են քաղաքային կամ պետական ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։ Զբոսաշրջային խոշոր ավտոբուսների երթուղիները պիկ ժամերին, ենթադրաբար, պետք է համաձայնեցվեն քաղաքապետարանի հետ ծանուցման կարգով։