Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի բնակիչները վախի մեջ են, անհայտ մարդիկ գիշերը թակում են դռներ, պատուհաններ, այս մասին jnews.ge-ին տեղեկացրեց Գոմանի բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ՝ Ապետ Բանդիկյանը: Մինչ jnews.ge-ն տեղում կուսումնասիրի իրավիճակը, ներկայացնում ենք Ապետի նամակը:

«Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում այսօր տեղի է ունենում մի զարմանահրաշ երևույթ: Այս գյուղում մարդիկ արդեն մի քանի ամիս է ահ ու սարսափի մեջ են: Անհայտ ինքնության տեր մարդ, թե մարդիկ՝ բոլորի համար առեղծված է, գիշերով անցնում է հիմնականում գյուղի ծայրամասի տների մոտով: Շատ անգամ թակել է դուռ, պատուհան, նույնիսկ քարերով խփել դարպասներին: Սկզբում մարդիկ, երբ լսում էին, կարծես ծիծաղելի էր ու անհավատալի, բայց գնալով ավելի խորացավ ու սրացավ այս վիճակը:

Առաջին անգամ այս դեպքը տեղի ունեցավ 2014թ. օգոստոսի սկզբներին, ինչը կրկնվում էր մի քանի ամիս, մինչև նոյեմբեր: Նոյեմբերից մինչև մարտ մարդիկ էլ չէին խոսում այդ առեղծվածի մասին, կարծես գյուղը էլի առաջվա նման ապրում էր առօրյա հոգսերով: Բայց մարտի 10-ին նորից կրկնվեց հին պատմությունը: Եթե անցած տարի դուռ ու պատուհան էին թակում, հիմա արդեն վնասներ է հասցնում մարդկանց:

Չգիտեմ այս իմ գրությունը ինչքանով կօգնի իմ գյուղին: Միջոցներ ձեռնարկվել են, բայց ոչ մի դրական արդյունք: Ներկա պահիս ողջ գյուղը վախի մեջ է: Ձեր Jnews.ge կայքի մասին ես իմացա այն ժամանակ, երբ տեսա պապիկիս մոտ այն թերթիկը, որտեղ կարդացի Ձեր մասին ու որոշեցի, որ լրատվամիջոցները անպայման պետք է իմանան այս մասին, հուսալով, որ դրական արդյունքներ կլինեն: Ես՝ Ապետ Բանդիկյանս, այս նամակը գրում եմ հայրիկիս էլ.փոստով, սովորում եմ 8-րդ դասարանում: Ինձ համար շատ հետաքրքիր կլինի, եթե իմանամ այդ առեղծվածային երևույթի մասին:»