Ջավախքի առաջնորդարանում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայաստանի պետականության 100-ամյակին, Սարդարապատի և մայիսյան հերոսամարտերին:

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուն կից գործող կիրակնօրյա դպրոցի և Ջավախքի ձայներ երգչախմբի սաները պատմական կարճ ու բովանդակալից ներկայացրին հայ ժողովրդի պատմության հերոսական էջերը: Միջոցառմանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

kiraknorya dproc

Սարդարապատի հերոսամարտը հայոց պատմության փառապանծ էջերից է: 1918թ. մայիսի 22-28-ը հայ ժողովուրդը հաղթեց թուրքական կանոնավոր և լավ զինված զորքին, որի շնորհիվ հայ ժողովուրդը փրկվեց ի սպառ բնաջնջումից և կերտեց իր պետականությունը։

mijocarum

«Սա շատ մեծ իրադարձություն էր հայերիս համար: Մենք հպարտանում ենք, որ պետականություն ունենք: Յուրաքանչյուր միջոցառում մի մեծ դաս է: Սիրելի պատանիներ ձեր խոսքերում մի ամբողջ ժողովրդի պատմություն, ճակատագիր է ամփոփված: Մենք պետք է մեծանանք և կրթվենք այսպիսի զգացումներով»,- ասաց թեմակալ առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Սրբազան հայրը կարևորեց հայ ժողովրդի պայքարում հոգևորականների ունեցած մեծ դերը, նշելով որ պատմության մեջ անմոռաց կմնան Մովսես Սիլիկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի, Արամ Մանուկյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի, Գարեգին Հովսեփյանի, Զավեն եպիսկոպոս Բաբայանի, Եզնիկ և Թադևոս վարդապետների, Տաճատ Հովակիմյանի, Արսեն Ջաղինյանի, Արսեն Սարգսյանի, Ստեփան Ալոյանի և այլոց անունները: Կռվողների թվում էին նաև հայ մտավորականները` գրողներ Մալխասը և Ակսել Բակունցը, գիտնականներ Գրիգոր Ղափանցյանը, Արարատ Ղարիբյանը և ուրիշներ:

saner

Նշենք, որ Սարդարապատի հերոսամարտը հայության միասնության, հավաքական պայքարի հերոսական օրինակ է, ուր դրսևորվեց օրհասական ժամին ժողովրդի բոլոր խավերի և քաղաքական հոսանքների անհրաժեշտ միասնության հրամայականը:

Աղունիկ Այվազյան