Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում հացահատիկային բույսերի բերքատվությունը նվազել է, պայմանավորված՝ եղանակային անբարենպաստ պայմաններով։

2021 թվականին Ախալքալաքի մունիցիպալիտետում ցանվել է 2 130 հեկտար ցորեն, ինչպես գարնանացան, այնպես էլ աշնանացան, 7 381 հեկտար գարի և 326 հեկտար վարսակ։

Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Գյուղի և գյուղատնտեսության զարգացման գործակալության Ախալքալաքի խորհրդա-տեղեկատվական կենտրոնի գլխավոր մասնագետ Ռամազ Գոգոլաձեն ասում է, որ նախորդ տարվա համեմատ բերքատվությունը նվազել է։

«Անցած տարվա համեմատ բերքատվությունն այս տարի նվազել է, դա կապված է կլիմիայական պայմաններից, քանի որ հացահատիկի հավաքը համընկել է անձրևների հետ, արդյունքում բերքահավաքն ավելի է երկարել, օրինակ. եթե այն պետք է տևեր երկու շաբաթ, ավարտվեց մեկ ամսում։ Անձրևների պատճառով հասկը թափվեց, և ըստ այդմ բերքատվությունը նվազեց», – ասում է Ռամազ Գոգոլաձեն։

Ինչպես նշեց մասնագետը նրանք այսօրվա դրությամբ ստույգ տեղեկություն չեն կարող տրամադրել, քանի որ գյուղի ներկայացուցիչների և ֆերմերների հետ դեռ հանդիպում չեն ունեցել, սակայն նրանք մասնակցել են բերքահավաքին: Մոտավոր տվյալներով գարու միջին բերքատվությունը 1 հեկտարից կազմում է մինչև 1 տոննա, իսկ ցորենինը՝ 3 տոննա։

Ըստ մասնագետի՝ այս տարի ցրտահարությունը չի ազդել բերքատվությանը, քանի որ մեր մոտ գարին ու ցորենը ցանվում է ապրիլին, իսկ այդ ժամանակահատվածում մեր մոտ ցրտահարություն չի եղել:

Ցորենի և գարու ցանքատարածությունները անցած տարի և այս տարի համարյա նույնն են։ Վարսակը այս տարի 326 հեկտար է եղել, բայց հիմնականում այն հնձել են որպես խոտ։

Ռամազ Գոգոլաձեն ասում է, որ Ախալքալաքում հացահատիկային բույսերը շահույթի համար չէ, որ հիմնականում ցանում են, այլ ցանքաշրջանառության, որպեսզի կարտոֆիլից հետո հողը հանգստանա։

Մասնագետը նշում է, որ կլիմայական պայմաննեից տուժածների միակ օգնությունը գյուղատնտեսական ապահովագրությունն է։