Տաշվանկա բլրի մոտ (Ամիրանիս գորա) սպորտային հանգստի գոտու ստեղծումը նախատեսվում էր դեռ 2019 թվականին։ Այս գաղափարի իրականացման համար նախագիծ էր կազմվել, սակայն իրականացումը ձգձգվում էր։ Այժմ նախագիծը մասնակցում է մրցույթի, եթե այն հաղթի, ապա կիրականացվի։
Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի խոսքով, մոտ մեկ ամիս առաջ իրենք այս նախագիծը ներկայացրել են Ենթակառուցվածքների նախարարության դրամաշնորհային մրցույթին: Հաղթանակի դեպքում ծրագիրը կֆինանսավորվի պետբյուջեից։ Մրցույթը հայտարարվել էր մինչև 5 000 000 լարի արժողությամբ նախագծերի համար։ 2019 թվականին սպորտային գոտու նախագիծը կազմվել էր 2 800 000 լարիով, սակայն նախագիծը ենթակա է վերանայման և վերահաշվարկի։ Այդ գումարից, հաղթանակի դեպքում, 60-70 տոկոսը կֆինանսավորի պետությունը, մնացածը կլինի տեղական բյուջեի ներդրումը։
«Եղած նախագիծը 2019-ինն է, նախագծի հետ կապված որոշ փոփոխություններ կան: Մենք այս նախագծով մասնակցում ենք պետության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին, սպասում ենք պատասխանի, եթե անցնենք, շատ լավ է, իսկ եթե՝ ոչ, ուրեմն հաջորդ տարի կսկսենք իրականացնել այն մեր ուժերով: Հիմա գումարը 2 800 000 է կազմում, փոփոխություններով գումարը կավելանա, մենք կուղարկենք վերահաշվարկի, և միգուցե նոր մտահղացումներ մտցնենք: Դա հնարավոր կլինի իրականացնել մի քանի տարում»,- ասում է քաղաքապետը։
2019 թվականին, երբ նոր էր հանգստի գոտի ստեղծելու գաղափարը, նախատեսվում էր հեծանվային արահետներ կազմակերպել՝ Ախալքալաք-Նինոծմինդա մայրուղու խաչմերուկից և Սամցխե-Ջավախքի համալսարանի շենք տանող ճանապարհից, ասֆալտապատել ճանապարհը համալսարանից «Տավշանկա»-ով (Պոդոյի քար) մինչև դեպի Բավրա գյուղ տանող ճանապարհ։ Հնարավորության դեպքում նախատեսվում էր հանգստի գոտում ներառել Ճգնավորի մատուռը, տեղադրել ուժեղ լուսավորություն, անվտանգության տեսախցիկներ, Wi-Fi, նստարաններ, ցայտաղբյուրներ։
Ծրագիրն ուղղված է Ախալքալաքի այն բնակիչներին, ովքեր զբաղվում են վազքով և սպորտով, ինչպես նաև հեծանվավազքի և ընդհանրապես սպորտի խթանմանը: