Վրաստանի և Ռուսաստանի միջպետական հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Աբխազիայում և Հարավային Օսիայում, Վրաստանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Զալկալիանիի Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման հիմնական թեմաներն էին:

Հանդիպումը կայացել է Ստրասբուրգում, որտեղ տեղի է ունենում Եվրախորհրդի Նախարարների տեղակալների հանձնաժողովի 1299-րդ նիստը: Հանձնաժողովի ներկայիս նիստում կներկայացվի Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հերթական, 16-րդ համախմբված զեկույցը «Վրաստանի հակամարտության» վերաբերյալ, որը տեղեկատվություն է տրամադրում միջազգային հանրությանը Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Մասնավորապես, այս զեկույցում նշվում է փաստերի մասին, ինչպիսիք են՝ «էթնիկ վրացիների գույքի ոչնչացում, ճնշումներ հիմնված ազգային պատկանելության վրա, ազատ տեղաշարժվելու սահմանափակումներ, արգելք մայրենի վրացերենով կրթվելուն, արհեստական արգելքների ստեղծում, և մարդու իրավունքների այլ խախտումներ»:

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և հաստատել, որ նա կշարունակի պատրաստել համապարփակ զեկույցներ Վրաստանում տիրող հակամարտությունների վերաբերյալ: Նա հավանություն է տվել վրացական իշխանությունների գործողություններին՝ ուղղված աբխազների և օսերի նկատմամբ վստահության վերականգնմանը, ընդգծել հակամարտությունների կարգավորման գործում Ժնևի միջազգային խորհրդակցությունների կարևորությունը:

Ստրասբուրգում կատարած այցի ընթացքում Վրաստանի փոխարտգործնախարարը հանդիպել է նաև Եվրախորհրդում Եվրամիության երկրների մշտական ներկայացուցիչների հետ, որոնց նույնպես մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Աբխազիայում և Հարավային Օսիայում տիրող իրավիճակի և հակամարտությունների լուծման Վրաստանի ջանքերի մասին: