Վրաստանի Ազգային Բանկի (ՎԱԲ) տեղեկատվությամբ, միկրոբանկի լիցենզիա ստանալու համար նոր կարգավորումներ կներդրվեն, համապատասխան փաստաթուղթը նպատակ ունի պահպանել փոքր, բայց դիմացկուն և կայուն ֆինանսական բիզնես-մոդելներ, ինչը կհանգեցնի մրցակցության աճի և վարկերի տոկոսադրույքների նվազման։ Այնուամենայնիվ, դեռևս հարցականի տակ է, թե արդյո՞ք դա կնպաստի տոկոսադրույքների իջեցմանը։
Օրինագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը՝ գարնանային նստաշրջանում։ Ըստ նոր չափանիշների՝ միկրոբանկ ստեղծելու համար բավարար կլինի 10 մլն լարիի չափով կապիտալ, իսկ վարկային պորտֆելի 70%-ը պետք է կազմեն գյուղատնտեսության և բիզնեսի համար վարկերը։
Վարկավորումը հասանելի կլինի նաև արտարժույթով, և սա նորամուծություն է, քանի որ ներկայումս փոքր ֆինանսական ընկերություններին, որոնց մեծ մասը միկրոֆինանսական կազմակերպություններ են, արգելված է արտարժույթով վարկեր տրամադրել։
Մեկ այլ նոր նախաձեռնություն է միկրոբանկերի կողմից ավանդներ ստանալու իրավունքը: Այդ իրավունքը ներկայումս նույնպես հասանելի չէ միկրոֆինանսական կազմակերպություններին, և նրանք ստիպված են դիմել այլ տարբերակների, ինչպիսիք են պարտագրերը և այլն, որպեսզի ներգրավեն բնակչության խնայողությունները: Ըստ էության, դրանք նույն ավանդներն են, բայց «ավանդ» բառը փոխարինվել է ինչ-որ այլ, չարգելված բանով։
Միկրոբանկերը կստանան նաև այլ իրավունքներ, որոնք ներկայումս չունեն միկրոֆինանսական կազմակերպությունները՝ բացել ընթացիկ հաշիվներ, հաճախորդներին պլաստիկ քարտեր տրամադրել, օգտագործել բանկոմատներ և այլն:
Ներկայում Վրաստանում գործող 38 միկրոֆինանսական կազմակերպություններից առայժմ միայն երեքն են ցանկություն հայտնել փոխել իրենց կարգավիճակը և կազմավորվել որպես միկրոբանկեր։
Միկրոֆինանսական կազմակերպություն «Լազիկա»-ի ղեկավար և Միկրոֆինանսական կազմակերպությունների ասոցիացիայի նախագահ Բեսո Շենգելիայի խոսքով, միկրոֆինանսական կազմակերպությունից կարգավիճակի փոփոխությունը միկրոբանկի նրանց տալիս է բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնցից նրանք մինչ այժմ զրկված են։ Այնուամենայնիվ, պետք չէ ակնկալել, որ դա կհանգեցնի վարկային տոկոսադրույքների իջեցմանը:
«Նոր օրենքը մեզ հնարավորություն կտա բացել հաշիվներ, գրավչություն առաջացնել ավանդների բացման առումով, վարկեր տրամադրել դոլարով և այլն, այսինքն՝ այն ամենը, ինչ մենք հիմա չենք կարող անել։ Բայց վարկերի տոկոսադրույքների իջեցումը բավականին բարդ գործընթաց է, և դրա համար միայն միկրոբանկ բացելը բավարար չէ։ Եթե զուգահեռաբար չնվազի վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ապա վարկերի տոկոսների իջեցումն անհնար է»,- հայտարարել է նա։
Միկրոֆինանսական կազմակերպություն «Կրիստալ»-ի ղեկավար Արչիլ Բակուրաձեն հայտարարել է, որ միկրոֆինանսական բանկերը միկրոբանկերի վերածելու գործընթացը պետք է ավարտվի մինչև 2022 թվականի վերջ։
«Նոր օրենքը կնպաստի վարկերի տոկոսների աստիճանական նվազմանը, և այս տեսանկյունից ամենակարևորը կլինի միկրոբանկերի համար մատչելի և միևնույն ժամանակ էժան ֆինանսական ռեսուրսներ գրավելու հնարավորությունը։ Դա իր հերթին թույլ կտա շրջաններում և գյուղական վայրերում բարձրացնել վարկավորման մակարդակը և հատկապես դա վերաբերում է բիզնես վարկերին»,- հայտարարել է նա։
Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկությամբ նոր կարգավորումների վրա աշխատանքները սկսվել էին 2021 թվականին։ ԱՄՀ-ի առաջարկությունների համաձայն՝ վրացական ֆինանսական շուկայում պետք է հայտնվի միջանկյալ օղակ խոշոր բանկերի և միկրոֆինանսական հատվածի միջև, ինչը միջնաժամկետ հեռանկարում կօգնի նվազեցնել վարկերի տոկոսադրույքները։
Վերջին շրջանում միկրոֆինանսական կազմակերպությունների շուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել՝ կապված կանոնակարգերի խստացման հետ, ինչը հանգեցրել է դրանց թվի գրեթե կրկնակի կրճատմանը։ Հենց այն միկրոֆինանսական կազմակերպությունների համար է նախատեսված նոր կանոնակարգը, որոնք ցանկանում են վերածվել միկրոբանկերի:
Աղբյուրը՝ bizzone.info