Ախալքալաքում տոնեցին «Ջավախք» երգի և պարի ազգագրական համույթի 17-րդ տարեդարձը:

Հոկտեմբերի 29-ին Ախալքալաքի Մշակույթի տանը, չնայած ցրտին, համեմատաբար մարդաշատ էր: Հավաքվել էին հիմնականում ելույթ ունեցող երեխաների ծնողները և հրավիրված հյուրերը: Տոնական համերգը սկսեց համույթի ամենափոքր խումբը՝ 3-6 տարեկանները: Բեմի վրա կախված էր էկրան, որի վրա համերգի ընթացքում լուսանկարների և տեսանյութերի միջոցով ցուցադրվում էր «Ջավախք» համույթի անցած ուղին հիմնադրումից մինչ այսօր:

Javahkh 2

javahkh 7

Շրջանի պաշտոնական անձանցից համերգի սկզբին ներկա էին Ախալքալաքի շրջանի Շրջանային վարչության և Շրջանային ժողովի նախագահները:

«Ես ինքս տեղյակ եմ և մասնակցել եմ այս հրաշալի համույթի ստեղծմանը, որը անցել է շատ դժվար և փառահեղ ճանապարհ: Այս 17 տարիների ընթացքում համույթի ձևավորման գործում իր մեծ մասնաբաժինը ունեն Ալիկ և Լամարա Քսպոյանները: Ստեղծման ընթացքում բավականին շատ դժվարություններ են եղել: Բայց արդյունքում անսամբլը հնարավորություն ունեցավ մասնակցելու փառատոների` Հայաստանում, Վրաստանում և Ռուսաստանում, ընդլայնելով աշխարհագրությունը և վերադառնալով յուրաքանչյուր միջոցառումից պատվոգրերով», – ասաց Ախալքալաքի Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը:

Javahkh 3

Javhkh 1

javahkh4

Ելույթ ունեցավ նաև Ախալքալաքի Շրջանային վարչության ղեկավար Էդուարդ Աղասարյանը: Նա նույնպես շնորհավորական ու գովասանքի խոսք հղեց, որից հետո երկու տեղական իշխանությունների ներկայացուցիչները հեռացան ցուրտ դահլիճից:

Համույթը հանդես եկավ տարբեր պարային և երգային համարներով: Skype-ով համույթի 17-ամյակը շնորհավորեցին նաև Ռուսաստանի տարբեր քաղաքներում բնակվող համույթի նախկին անդամները: Պարային համարով հանդես եկավ նաև Ախալքալաքի Մշակույթի տան «Մուրջի» վրացական համույթը:

Javahkh 5

Javahkh 6

«Ջավախք» անսամբլը հիմնադրվել է 2000 թ.-ի հոկտեմբերի 22-ին: Համույթի հիմնադիրն ու ղեկավարն են Աշուղ Ալիկ Քսպոյանը և Լամարա Քսպոյանը: Համույթում հիմնականում պարում են հայկական ազգային պարեր:

Քրիստինե Մարաբյան