Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական փաթեթում փոփոխություններ կատարվեցին, որի արդյունքում 82 900 լարի հատկացվեց սոցիալական ծրագրերի շահառուներին միանվագ օգնություն ցուցաբերելու համար, որպեսզի կորոնավիրուսի համավարակի պայմաններում գոնե ինչ-որ չափով օգնության ծառայեր:
Այս ծրագրում ներառված էին նաև սոցիալական ծրագրերի այն շահառուները, որոնք ընդգրկված չէին կառավարության սոցիալական հակաճգնաժամային ծրագրում: Օրինակ՝ միակողմանի ծնողազուրկ երեխաները, փախստականները, վետերանները, 100 տարեկանից բարձր մարդիկ:
Այսպիսով, միանվագ օգնությունը ստացան.
– վետերանները՝ 500 լարի,
– 100 տարեկանից բարձր մարդիկ՝ 500 լարի,
– փախստականները՝ 200 լարի,
– երկկողմանի ծնողազուրկ երեխաները (մինչև 18 տարեկան)՝ 1000 լարի,
– բազմազավակ ընտանիքները (4 և ավելի երեխա, մինչև 18 տարեկան)՝ 300 լարի,
– միակողմանի ծնողազուրկ երեխաները (մինչև 18 տարեկան)`200 լարի,
– սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները (մինչև 18 տարեկան)` 200 լարի:
Միակողմանի ծնողազուրկները, ընդհանուր առմամբ ընդգրկված չեն տարբեր սոցիալական ծրագրերում, Ախալքալաքի քաղաքապետարանը որոշում է կայացրել առաջին անգամ նրանց էլ ներառել: Օգնություն է ստացել 129 ընտանիքի 173 միակողմանի ծնողազուրկ երեխա:
Սա Ախալքալաքի 2020 թվականի սոցիալական երկրորդ փաթեթն է՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով բնակչության սոցիալական ծանր վիճակով: 2020 թվականի հունիսին 418 կարիքավոր և աղքատության եզրին գտնվող ընտանիքներ քաղաքապետարանից ստացել էին մեկական պարկ (50 կգ) ալյուր: