Ախալքալաքի շրջանային ղեկավարությունը որոշում է ընդունել Ձերժինսկու անվան փողոցը վերանվանել Հավասու անունով:

Փետրվարի 26-ին, Ախալքալաքի շրջանային ժողովի հերթական նիստի ընթացքում որոշում ընդունվեց Ձերժինսկու անվան փողոցը վերանվանել աշուղ Հավասու անունով:

Ձերժինսկի փողոցի բնակիչները դիմում-խնդրանքով դիմել էին Ախալքալաքի իշխանություններին փողոցը վերանվանելու Հավասու անունով:

Ձերժինսկի և Ջավախեթի փողոցների խաչմերուկում գտնվող տանը, որոշ ժամանակ վարձակալությամբ ապրել է աշուղը: Այժմ, այդ տանն ապրում է Դավիթ Հարությունյանի 5 հոգուց բաղկացած ընտանիքը: Նրանք կցկտուր տեղեկություններ ունեն Հավասու այս տանն ապրած տարիների մասին, սակայն քաջատեղյակ են աշուղի ստեղծագործություններին:

«Մենք ուզում ենք, որ այս փողոցը վերանվանվի Հավասու անունով, ինչ-որ ժամանակ նա այստեղ է ապրել, ինչու չունենանք նրա անունով փողոց: Սա նաև մեր պատկերն է, ընդամենը մի քանի տարի առաջ քաղաքում ունեցանք հուշարձան: Ջավախքցին միշտ պետք է հիշի, երգի, մեծարի ու աշխարհին ամեն կերպ ներկայացնի Հավասի մեծությանը», – մեր հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունյանը:

Ձերժինսկի փողոցի մեկ այլ բնակիչ Սոնա տատը ևս ստորագրել է փողոցի վերանվանման մասին դիմում-խնդրանքի տակ. «Ինչի մեր մեծ հայի անունով չլինի՞, այսօր ով գիտի Ձերժինսկու մասին»:

2010թ-ին Ախալքալաքում Մալխասյան և Մկրտիչ Սարգսյան փողոցների խաչմերուկում տեղադրվեց գուսան Հավասու կիսանդրին, բարերարությամբ ռուսաստանաբնակ Արթուր Գիլոյանի, իսկ քանդակի հեղինակն է Սուրեն Մարտիրոսյանը: Դեռևս, Հավասու հուշարձանի բացման արարողության ժամանակ գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը հանդես եկավ առաջարկությամբ, որ փողոցը, որտեղ տեղադրվեց հուշարձանը վերանվանվի Հավասու անունով: Ախալքալաքցիները միայն 5 տարի անց ականջալուր եղան գրողի առաջարկին:

Հավասին` Արմենակ Պարսամի Մարկոսյանը ծնվել է 1896թ. Ծալկայի շրջանի Այազմա գյուղում: Հավասին իր ստեղծագործական կյանքը սկսել է 1914-ին Ախալքալաքում: Մոտավոր հաշվումներով Հավասին գրել է 2000 երգ, 1500 քառյակ և մոտ 130 մեղեդի։ Նրան են պատկանում նաև «Հյուսիսային արև», «Դավաճան Արփիկը», «Աշխենը և Սուրիկը» և այլ հեքիաթներ։ Հավասին արձագանքել է իր ստեղծագործական ժամանակաշրջանի բոլոր հարցերին. գրել է խրատական, կենցաղային, սատիրական երգեր։ Նրա երգերի մեջ առանձնակի տեղ են գրավում սիրային ոտանավորները։

havasi tun dimacic javkhk

Havasu aprac tuny- javakhk

havasu aprac tuny

Աղունիկ Այվազյան