ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քելլի Դեգնանը Սամցխե-Ջավախք կատարած այցի շրջանակներում, երեկ՝ մարտի 24-ին, այցելեց Կոթելիա գյուղ։ Այստեղ, Վրաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ, Ախալքալաքի Տեղական Զարգացման Խումբը (LAG)՝ «Խելացի գյուղեր» ծրագրի շրջանակներում, գյուղի համար գնել է համակարգիչներ և կոնֆերանս-սարքավորումներ։
«Խելացի գյուղեր» ծրագրի շրջանակներում Ախալքալաքի մունիցիպալիտետի Կոթելիա և Կարծախ գյուղերի դպրոցները ձեռք են բերել 10 համակարգիչ, 2 ինտերակտիվ գրատախտակ, կահույք և այլ գույք։ Կոթելիա գյուղի հանրային դպրոցում բացվել է տեխնիկապես հագեցած սենյակ։
Քելլի Դեգնանն այցելեց խելացի սենյակ։ Ախալքալաքի զարգացման խմբի (LAG) նախագահ Սերգեյ Խաչատրյանը դեսպանին ներկայացրեց սենյակը և խոսեց ծրագրի, Կոթելիայի բնակչության համար դրա օգուտների, դպրոցը համակարգիչներով և նորագույն սարքավորումներով համալրելու կարևորության մասին:
Նա կարևորեց գյուղական վայրերում որակյալ կրթության համար կրթական և թվային կենտրոնների ստեղծումը: Ծրագիրը կրթական ռեսուրսների և հաղորդակցության հասանելիություն է ապահովել գյուղացիների և Կոթելիայի աշակերտների համար:
Սերգեյ Խաչատրյանը պատմեց, որ Ախալքալաքի զարգացման խմբի (LAG), կողմից Ախալքալաքի մունիցիպալիտետում նման դասասենյակներ են բացվել 4 գյուղերում, որոնցից երկուսը ֆինանսավորվել են ԱՄՆ դեսպանատան կողմից։
Դասասենյակից հետո Քելլի Դեգնանը ծանոթացավ Կոթելիա գյուղի դպրոցի աշակերտների նկարներին, որոնք ցուցադրված էին դպրոցի միջանցքում։
Կոթելիայի դպրոցի բարձր դասարանի աշակերտուհին դեսպանին նվիրեց իր նկարներից մեկը։
Այնուհետեւ դեսպան Քելլի Դեգնանը ելույթ ունեցավ աշակերտների, մանկավարժների եւ հյուրերի առջեւ։ Նա ասաց, որ սա թվով իր երրորդ այցն է Ախալքալաք։
«Ի դեմս Ամերիկայի դուք ունեք 30 տարվա ընկեր, ով կօգնի ամեն ինչում, որպեսզի լինի կայունություն, երկիրը զարգանա, լինի ժողովրդավարություն։ Մենք գիտենք, որ կա ապատեղեկատվություն, որը մեր բարեկամությունը ցույց է տալիս վատ կողմից, որպեսզի Ամերիկայի և Վրաստանի հարաբերությունները շեղի եվրոպական ճանապարհից, բայց Ամերիկան կմնա Ձեր ընկերը այնքան, որքան դուք դա ցանկանաք։ Մենք աշխատում ենք կառավարության հետ, որպեսզի արդյունքն ավելի շոշափելի լինի։ Մենք ցանկանում ենք օգնել ձեզ պայքարել հանուն ժողովրդավարության և անկախության»,- ասաց Քելլի Դեգնանը:
Վերջում նա պատասխանեց աշակերտների և ուսուցիչների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին ՆԱՏՕ-ին անդամակցելուն, Հյուսիսատլանտյան դաշինքի կառուցվածքին։
Ինչին դեսպանը պատասխանեց, որ 25 տարի է, ինչ իրենք օգնում են Վրաստանին այդ հարցում, ուժեղացնում են վրացական բանակը, որպեսզի այն զարգանա ու կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին։ Հարց հնչեց, թե ինչպես կարելի է օգնել Վրաստանին։ Այս հարցին դեսպանը պատասխանեց, որ կարող են օգնել կրթության, առողջապահության և այլ ոլորտների զարգացմանը։ Հարցը վերաբերում էր նաև Վրաստանից նրա տպավորություններին։ Ինչին Քելլի Դեգնանը պատասխանեց, որ Վրաստանը գեղեցիկ և հարուստ պատմություն ունեցող երկիր է։ Հարցերը վերաբերում էին նաև «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծին։
Քելլի Դեգնանը զրուցեց նաև դպրոցի ամենափոքրիկ աշակերտների հետ, ովքեր հանդիպման արդյունքում վանկարկեցին ՆԱՏՕ և Եվրամիություն։
Նշենք, որ ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քելլի Դեգնանը մարտի 23-ից 24-ը երկօրյա այցով գտնվում էր Ախալքալաքում։ Այցի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ հասարակական կազմակերպությունների հետ, այցելեց ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի տարածաշրջանային գրասենյակ, Ախալքալաքի վրացական դպրոցում հանդիպեց երիտասարդների հետ։