Ախալքալաքում արդեն 5-6 տարի է անընդմեջ անցկացվում է փողոցների փոքր տարածքներով ասֆալտապատման աշխատանքներ: Ու ամեն գարուն կրկին, ինչպես նախկինում, այնպես էլ վերջերս ասֆալտապատված, ճանապարհների վերանորոգուման անհրաժեշտություն է լինում:
Ախալքալաքում ճանապարհների բարեկարգումը անցկացվում է երկու սկզբունքնով: Պետական ճանապարհները, Ախալքալաքի կենտրոնական փողոցները ասֆալտապատում է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը: Իսկ Ախալքալաքի մնացած փողոցները ասֆալտապատում է տեղական իշխանությունը՝ տեղական բյուջեի կամ պետբյուջեի հաշվին:
2015թ.-ին Ախալքալաքի շրջանում իրականացվել է 3 150 405 լարիի ասֆալտապատման աշխատանքներ, իսկ 2016թ.-ին՝ 4 415 163 լարիի չափով:
Փողոցների ասֆալտապատման աշխատանքները կատարել են տարբեր ընկերություններ: Ախալքալաքի շրջանի հայտարարած տենդեր-մրցույթները վերջին տարիների ընթացքում հաղթել են «Fin-estate», «Արալի» ընկերությունները, հաճախ «Ջավախ ԱվտոԳզան»: Իսկ օրինակ, Աղմաշենեբելի կենտրոնական փողոցը վերանորոգել է ՍՊԸ «Միլենիում Բիլդերս Գրուպ» ընկերությունը: Այս ընկերությունը 2015թ.-ին կատարեց մասնավոր վերանորոգում: 2016թ.-ին ընկերությունը կրկնակի վերանորոգեց փողոցը, քանի որ ասֆալտը «հալվել» էր աշխատանքներից մի քանի ամիս հետո, այսինքն երաշխիքային ժամանակահատվածի ընթացքում: Այս տարի, 2017թ.-ին, նույն փողոցի նույն տարածքները կրկին քանդվել են և վերանորոգման կարիք ունեն:
Վերջին երկու տարիներին Ախալքալաքի բազմահարկ շենքերի փողոցներն ու բակերը ասֆալտապատել են «Արալի» և «Ջավախ ԱվտոԳզա» ընկերությունները:
Քանի որ փողոցների ասֆալտապատումը երկար տարիների ընթացքում իրականացվել է մաս մաս, ապա ստացվում է, որ մի փողոցը ասֆալտապատել են մի քանի ընկերություններ՝ տարբեր տարիների ընթացքում:
Ասֆալտապատման աշխատանքների երաշխիքային ժամկետը տենդերների համաձայն երկու տարի է: Երաշխիքային ժամկետը մի քանի փողոցների համար, որտեղ ասֆալտը քանդվել է ձմեռվանից հետո, արդեն անցել է, բայց կան փողոցներ, որոնք դեռ գտնվում են երաշխիքային ժամկետում:
«Մենք գիտենք իրավիճակը: Կանցկացնենք քաղաքի թերությունների հաշվառում: Կնայենք փաստաթղթերը ու այն փողոցները որոնք գտնվում են երաշխիքային ժամկետում ընկերություննները պարտավորված կլինեն իրենց հաշվին վերանորոգել դրանք, իսկ նրանք, որոնց մոտ անցել է երաշխիքային ժամկետը, կվերանորոգվեն տեղական բյուջեի հաշվին», – ասում է ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանը:
Տեղական բյուջեն փոսային վերանորոգումների համար այս տարի հատկացրել է 300 000 լարի:
Այն մասին, թե որքան որակով են անում ասֆալտը Ախալքալաքում, ըստ Ալբերտ Նահատակյանի, նրանք գնահատում են լաբորատոր արդյունքների համաձայն:
«Մի քանի տեղից վերցնում են ասֆալտը և կատարում փորձաքննություն, կայացնում որոշում: Ասֆալտի որակը մեզ մոտ նորմալ է», – ասում է Ալբերտ Նահատակյանը:
Այն մասին, թե ինչպես կարելի է որոշել ասֆալտի որակը, կան արդյոք որոշակի չափորոշիչներ և կանոնակարգեր, մենք փորձեցինք պարզել փորձաքննության բյուրոյում:
Ըստ փորձաքննության բյուրոյից ստացված տեղեկատվության, Վրաստանի տարածքում թույլատրվում է երկու ստանդարտի ասֆալտապատում՝ եվրոպական և խորհրդային: Ամեն ինչ կախված է պահանջողից: Ստանդարտները և բոլոր պայմանները պետք է նշվեն տենդեր-մրցույթի մեջ: Ասֆալտե ծածկույթի որակի ու ամրության պայմանները պետք է համաձայնեցվեն պայմանագրում:
Ըստ շինարարական փորձաքննության բյուրոյի Դեպարտամենտի պետի տեղակալ Մերաբ Աբազաձեի, ճանապարհը կարող է փչանալ ոչ միայն անորակ ասֆալտի պատճառով:
«Կարող է փչանալ աշխարհագրական պայմանների պատճառով, սխալ նախագծման պատճառով: Հնարավոր է բոլոր հարաբերակցությունները ասֆալտի կազմի մեջ պահպանված լինեն, բայց հետո շինարարը ճիշտ չկատարի տեխնոլոգիական հարթեցումը: Չկան այնպիսի չափանիշներ որոնցով որոշվի, թե որքան պիտի պահպանվի ասֆալտը: Ասֆալտի հաստությունը նույնպես որոշում է նախագծողը: Ամեն ինչ անհատական է»,- ասում է Մերաբ Աբազաձեն:
Տեխնիկական աղը կամ ռեագենտները, որոնք օգտագործվում են Ախալքալաքում ձմռանը սառույցի դեմ, ըստ փորձագետի, չի կարող համարվել ասֆալտի քանդման հիմնական պատճառ, թեև փորձագետը չի բացառում ռեագենտի որոշակի ազդեցությունը ասֆալտի վրա:
Այսօր էլ Ախալքալաքի ասֆալտապատման աշխատանքները իրականացնում են «Արալի» և «ՋավախԱվտոԳզա» ընկերությունները: Այն մասին, թե ինչն է պատճառը, որ ասֆալտը Ախալքալաքում արագ է փչանում, մենք որոշեցինք հարցնել հենց այդ ընկերություններին:
ՍՊԸ «Արալի» տնօրեն Օթար Թաթեշվիլին մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ դժվարանում է ասել, թե ինչու է փչանում ասֆալտը:
«Այսպես ես չեմ կարող պատասխանել: Պետք է տեղում նայել: Մենք այստեղ Գումբուրդոյում ենք, եթե անհրաժեշտություն կա է մենք պատրաստ ենք վերանորոգել»,- ասաց Օթար Թաթեշվիլին:
«Ջավախ ԱվտոԳզա» ընկերության տնօրեն Նոդար Ինասարիձեն վստահեցրեց, որ ասֆալտը որը նրանք են լցրել չի կարող փչանալ:
«Եթե ինչ-որ տեղ, ինչ-որ բան փչացել է մենք կշտկենք: Մենք ոչ մի տեղ ոչ մի փոս չենք նկատել այն փողոցներում որտեղ ասֆալտապատումը կատարել է մեր ընկերությունը»,- ասաց Նոդար Ինասարիձեն:
Նրա հետ մեր զրույցից հետո, փոխտնօրեն Ջաբա Ջիրկվաձեն համաձայնվեց մեզ հետ քայլել քաղաքի որոշ փողոցներով և միասին նայել ճանապարհների վիճակը:
Փողոցների տարբեր մասերում մենք նկատեցինք փչացած ասֆալտածածկ, այսինքն՝ փոսեր: Հիմնականում փողոցների ասֆալտածածկերը սկսում են փչանալ այն վայրերից, որտեղ կան տարբեր տարիների ընթացքում ասֆալտապատված տարածքների միացումներ:
«Ճանապարհների ասֆալտապատումը իրականացվում է մաս մաս և դա անում են տարբեր ընկերություններ: Դա մեր մեղքը չէ: Մյուս մասում ճաքեր են, պետք է մյուս մասը նույնպես փոխել, որպեսզի միացումը նույնպես նորմալ լինի: Կարող են լինել որոշ խնդիրներ, սակայն մեր կազմակերպությունը ամեն ինչ կվերականգի»,- ասաց Ջաբա Ջիրկվաձեն:
Ինչ վերաբերում է ասֆալտապատման նախագծողներին, ըստ ենթակառուցվածքային ծառայությունների, տարածքային ձևավորման, շինարարության և ճարտարապետության բաժնի պետ Ալբերտ Նահատակյանի, փողոցների բարեկարգման նախագծերը կազմում են փորձառու նախագծողներ:
Այն հարցը, թե ինչու են Ախալքալաքի ասֆալտապատված փողոցները շուտ փչանում նորից մնում է բաց: Որն է պատճառը. ասֆալտի որակը, թե շինարարի բարեխղճությունը: Միգուցե նախագծողի աշխատանքը, կամ այն, որ ասֆալտը արվում է մաս մաս, կամ էլ աշխարհագրությունն ու եղանակն են մեղավոր …
Շուշան Շիրինյան