Այսօր Ջավախքի Գումբուրդո գյուղում նշեցին Համբարձման տոնը, որը ժողովրդին հայտնի է նաև «Վիճակ» կամ «Ջանգյուլում» անվանումներով:

Համբարձման տոնը հայ եկեղեցու շարժական տոներից է և նշվում է Հարության (Զատիկ) 40-րդ օրը: «Համբարձում» նշանակում է բարձրացում: Համբարձումը հարուցյալ Հիսուսի մարմնով երկինք բարձրանալու և Հոր աջ կողմում նստելու հիշատակն է, որը եզրափակումն է Քրիստոսի երկրային առաքելության:

ton

Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում առաջին անգամ Համբարձման տոնը նշեցին նորաօծ Սուրբ Խաչ եկեղեցում, ինչպես եկեղեցական, այնպես էլ ժողովրդական ավանդույթների համաձայն:

Առավոտյան եկեղեցում մատուցվեց Սբ և Անմահ պատարագ, այնուհետև կատարվեց տարվա շրջանավարտների օրհնության կարգ: Աղջիկները դաշտերից ծաղիկներ էին հավաքում, երիտասարդ տղաները մատաղ էին եփում, իսկ փոքրիկները գնդակ խաղում:

«Որոշեցինք ուխտի գալ Գումբուրդոյի նորաօծ Սբ Խաչ Եկեղեցի, նախընտրելի էր տարածքի և գեղեցիկ բնաշխարհի համար, որպեսզի երեխաները կարողանային ծաղկետոնն անցկացնել զվարճալի խաղերով, երգ ու պարով: Երեխաները երգեցին Համբարձման տոնի ազգագրական մանիներից, որոնք այսպիսի տոներին յուրահատուկ երգ-խաղեր են»,- ասաց Տեր Տաթև քահանա Մարուքյանը:

ton3

Տոնի օրը ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղիկների տերևներ և աղջիկներին պատկանող զանազան իրեր: Այնուհետև դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կժերը, ծաղիկները և շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով և դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը, ում պատկանում է առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն է սպասվում: Կժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց խրատներ և բարեմաղթանքներ են ասվում:

ton2

Համբարձման տոնը հաստատվել է 4-5-րդ դարերում և նշվում է Զատկից հետո՝ 40-րդ օրը: Տոնի հիմքում ավետարանական պատմությունն է այն մասին, թե ինչպես հարություն առած Հիսուս Քրիստոսն առաքյալներին կանչեց Երուսաղեմի մերձակայքում գտնվող Ձիթենյաց լեռ և պատվիրեց.

«Ուրեմն գնացեք, բոլոր ազգերն աշակերտեցեք՝ նորանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն»:

pataraq

Այս խոսքերով Նա սկսեց հեռանալ և անհետացավ ամպերում: Մինչ առաքյալները երկինք էին նայում, երկու հրեշտակ հայտնվեց և ավետեց, որ ժամանակին Քրիստոս կրկին կհայտնվի՝ մարդկության Դատաստանի և երկնքի արքայությունը հաստատելու համար:

ton4

Աղունիկ Այվազյան