Այսօր՝ փետրվարի 13-ին, Ջավախքի բոլոր եկեղեցիներում և գյուղերում, մասնավորապես Ախալքալաքի Սբ Խաչ Եկեղեցում առանձնակի շուքով նշվեց Տեառնընդառաջի տոնը, ինչպես նաև կատարվեց նորապսակների օրհնության կարգ:
Այս տարի Ախալքալաքում 60 զույգ է եկեղեցում պսակադրվել:
Տյառնընդառաջի տոնը կամ ջավախքյան բարբառով ասած «Խեծաղը», «Տրնդեզը» մեզանում առանձնակի շուքով են նշում, հատկապես նորապսակ ունեցող ընտանիքները: Այս օրը նորապսակները հիմնականում եկեղեցի են գնում և թռչում խարույկի վրայով: Եկեղեցիներում անցկացվում է նորապսակների օրհնության արարողակարգ:
Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ խարույկն ունի հետևյալ խորհուրդը, խարույկի հուրը բորբոքելով` Աստծո սիրո հուրն ես հայցում: Ուստի Սուրբ Խաչ եկեղեցու բակում խարույկ էր վառվել, մինչ կրակը կմարեր, երիտասարդները պարում էին հայկական ժողովրդական երգերի ներքո: Այս տարի, ինչպես և նախորդ տարի, առավոտվանից առատ ձյուն էր տեղում, թեև ոչ ձյունը, ոչ էլ համավարակը չխանգարեցին Տրնդեզը տոնելուն:
Այս տոնի ամենասիրելի պահը խարույկի վրայով ցատկելն է: Նորապսակները, ձեռք ձեռքի բռնած, ցատկում են կրակի վրայով՝ պահելով երազանք:
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը: Տյառնընդառաջ նշանակում է Տիրոջն ընդառաջ գնալ։
Տոնակատարությունը սկսվում է փետրվարի 13-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն՝ տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: