Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալների համար եկավ Մեծ Պահքի վերջին շաբաթը, որը նախորդում է Սուրբ Զատկին և խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերը։ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու Արժ. Տեր Հայրը՝ Տ. Նարեկ քհն. Տիգրանյանը, բացատրում է այս շաբաթվա խորհուրդները և փարատում է Ախալքալաքում գոյություն ունեցող Զատկի հետ կապված միֆերը։
«Զատիկից առաջ պահքի վերջին շաբաթը կոչվում է Ավագ շաբաթ, քանի որ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերն էին։ Ծաղկազարդ՝ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ, այս օրվանից հաշվվում են նրա կյանքի վերջին օրերը»,- մեկնաբանում է Տ. Նարեկ քհն. Տիգրանյանը:
Նա հավելում է, որ Ավագ շաբաթվա ամեն օր ունի իր խորհուրդն ու իմաստը: Այն արտացոլում է Փրկչի երկրային կյանքի վերջին, ամենակարևոր իրադարձությունները՝ նրա հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Խորհրդավոր ընթրիք, արարչագործության առաջին օր կամ «անիծված թզենու օր», Տիրոջ չարչարանքները, խաչելությունը և մահը և, այս ողբալի օրվան հաջորդում է վեհասքանչ և քրիստոնայների թերևս ամենաերջանիկ օրը` Քրիստոսի փառահեղ Հարության օրը, քանզի արժանանում ենք լսելու հրեշտակաբարբառ ավետիսը. «Քրիստոս հարյավ ի մեռելոց»:
«Սա եկեղեցական օրացույցի ամենածանրաբեռնված շրջանն է: Զատիկը յուրաքանչյուր քրիստոնյայի համար ամենակարևոր տոնն է, որովհետև Տերն այս օրը իր կյանքը տվեց՝ մեզանից յուրաքանչյուրին փրկելու համար»:
Արժ. Տեր Հայրը բոլոր հավատացյալներին խորհուրդ է տալիս, անկախ նրանից՝ պահք պահում են, թե ոչ, եկեղեցում ներկա լինել բոլոր խորհուրդներին՝ «Քրիստոսի Հարությանը պատրաստ լինելու և Զատիկը մաքուր մտքով ու սրտով դիմավորելու համար»։
Տ. Նարեկ քհն. Տիգրանյանը փարատում է կասկածները, թե արդյո՞ք Սուրբ Զատիկին անհրաժեշտ է գերեզման գնալ.
«ՀԱԵ-ի յուրաքանչյուր գլխավոր տոնից հետո հաջորդում է Մեռելոցը: Զատիկը բացառություն չէ: Կարիք չկա 31-ին գերեզման գնալ, անկախ նրանից, թե մարդը երբ է մահացել, վաղուց, թե վերջերս: Մենք 31-ին տոնում ենք, իսկ հաջորդ օրը՝ ապրիլի 1-ին մենք գնաում ենք գերեզման»,- նշում է նա։
Քահանան նաև հավելում է, որ, ի տարբերություն տարածված թյուր կարծիքի, չկա այնպիսի կանոն, որ եթե Զատիկը ընկնում է հանգուցյալի քառասունքից կամ այլ ամսաթվից առաջ, ապա այն չեղյալ է հայտարարում տվյալ օրը։ Պետք է նշել և՛ Զատիկը, և՛ քառասունքը։
ԱԽԱԼՔԱԼԱՔԻ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ԵԿԵՂԵՑՈՒՄ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ԱՎԱԳ ԵՐԵՔՇԱԲԹԻ (մարտի 26)
ԱՎԱԳ ՀԻՆԳՇԱԲԹԻ (մարտի 28)
ԱՎԱԳ ՈՒՐԲԱԹ (մարտի 29)
ԱՎԱԳ ՇԱԲԱԹ (մարտի 30)
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆ (մարտի 31)
ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ (ապրիլի 1)