Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունում առանձնակի շուքով տոնեցին Հաղթանակի որը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-րդ տարեդարձը:

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումն ազդարարվեց Տերունական աղոթքով, որից հետո Կիրակնօրյա դպրոցի սաները պատմական հետաքրքիր ակնարկի միջոցով ներկայացրին՝ Վարդանանքից մինչև ապրիլյան քառօրյա պատերազմ ընկած ժամանակահատվածը:

Մարդկանց զգացմունքները միախառնվել էին՝ մեկն արտասվում էր, մյուսը հպարտություն զգում, իսկ երրորդը՝ մտորում:

mayis1

Եռատոնին նվիրված միջոցառմանը ներկա էին հոգևորականներ, վարչության աշխատակիցներ, մանկավարժներ, ծնողներ և այլք: Մանուկների շուրթերից հնչում էր հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ, որոնք ոգևորությամբ էին լցնում ներկաների սրտերը: Իսկ մեծ էկրանին անուն առ անուն ներկայացվում էր ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս նահատակներին:

mayis

Միջոցառման ավարտին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վրդ Սալբիյանն շնորհավորելով ներկաներին ասաց. «Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ ու լուսավոր օրվա կապակցությամբ: Երբ ասում են մայիսի 9-ը, բոլորը պատերազմ են հասկանում, սակայն սա մանուկների շուրթերով խաղաղության կոչ էր, տա Աստված բոլոր զենքերը մնան թանգարաններում, երբեք չկրակեն: Աստված անսասան պահի Հայաստանի ու Վրաստանի սահմանները: Մեր պապերը 45-ին սխրանք գործեցին, բայց մեր հերոս զավակները հետ չմնացին և պատվով գրեցին իրենց անունները հայոց պատմության էջերում, իրենք հավերժացան և կյանքի ճանապարհ հարթեցին մեզ համար: Յուրաքանչյուր մայրամուտի հաջորդում է լուսավոր ու արևաշող առավոտ: Վստահ եմ, այդ առավոտները բյուրավոր են լինելու»:

mayis2

Աղունիկ Այվազյան