Այսօր Ախալքալաքում, ինչպես և ամբողջ աշխարհում նշվում է Կանանց միջազգային օրը: Կանանց իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակը համեմատաբար բարելավվել է, սակայն կանայք դեռևս ենթարկվում են խտրականության և բռնության տարբեր ձևերի:

Ախալքալաքի խանութներից մեկում ամուսնական զույգը գնումներ էր կատարում, երբ ամուսինը գրպանից գումարը հանեց ու գնաց դրամարկղի մոտ՝ վճարելու: Կինը մոտեցավ նրան, նա շրջվեց դեպի կինը և կոպտորեն ասաց. «Ինչո՞ւ եկար այստեղ, վերցրու քո գնումները և սպասիր դրսում»: Կինը հնազանդորեն շրջվեց և ծանր պարկը վերցնելով դուրս եկավ փողոց:

Ախալքալաքում դեռև հայրիշխանական հասարակություն է, որը թելադրում է. «Ես քեզ կերակրում եմ, իսկ դու իմացիր քո տեղը»: Կնոջ ֆինանսական կախվածությունը մեծապես սահմանափակում է նրա գործողությունները՝ դարձնելով նրան անօգնական: Ահա այսպես է ապրում Ախալքալաքի շրջանի բնակչության կեսից ավելին, իրավիճակը հատկապես բարդ է գյուղական բնակավայրերում:

«Գլխավորն այն է, որ կինը պետք է այնպես ներկայացնի, որ տղամարդը նույնպես համաձայն լինի: Այսինքն՝ կինը պետք է լինի կրթված, պետք է տիրապետի դիվանագիտական միջոցների, որպեսզի կարողանա ճիշտ ձևով ներկայացնել, համոզել տղամարդուն, որ տվյալ բանն այս պահին անհրաժեշտ է: Եվ այդ ժամանակ տղամարդը հաշվի կնստի նրա հետ և գումար կտա, որպեսզի նրանք կարողանան լուծել ընտանեկան խնդիրները: Իհարկե, տղամարդկանցից կախվածությունը կա, քանի որ կանայք շուտ են ամուսնանում, չունեն աշխատանք, մասնագիտություն»,- ասում է Դալի Աղդգոմելաձեն՝ «Կանայք հանուն Ջավախքի ապագայի» ՀԿ-ից:

Ըստ ՄԱԿ-ի, յուրաքանչյուր երրորդ կին կրկին ենթարկվում է գենդերային նշանով բռնության: Ախալքալաքում կանայք հաճախ են բախվում բռնության: Հաճախ են դեպքերը, երբ տարիներ շարունակ ընտանեկան բռնության պատճառով կինը որոշում է ինքնասպան լինել: Եվ ավանդական մտածողության և սովորույթների համաձայն, «տան կռիվը» իմացվում է միայն մահից կամ դատական վեճից հետո:

Jnews-ի գրասենյակը զանգ էր ստացել Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի գյուղից: Երիտասարդ աղջիկը օգնություն էր խնդրում, քանի որ քույրը փորձել էր ինքնասպան լինել: Իր հերթին, Jnews-ի աշխատակիցները դիմել էին շտապօգնություն և ոստիկանություն: Ինչպես պարզվել էր, անչափահաս երեխաները բռնության էին ենթարկվել իրենց հայրիկի կողմից: Նշենք, որ այս գործով հարուցվել էր քրեական գործ «Ինքնասպանության հասցնել» հոդվածով (Վրաստանի ՔՕ 115-րդ հոդված): Այնուամենայնիվ, հոր կողմից բռնության մասին գործի մեջ չի խոսվում, քանի որ ոչ ոք այդ մասին չի պատմել իր ցուցմունքներում:

Հաճախ ուժեղ սեռի ներկայացուցիչները կանանց դրդում են ինքնասպանության: Նման կանանց ոչ ոք չի օգնում, դե իսկ Ախալքալաքում կանայք՝ բացի իրավապահ մարմիններից, ոչ մեկին չեն կարող դիմել: Չկան հոգեբաններ, և չկան այլ հասարակական կազմակերպություններ, որոնք կկարողանային օգնել նրանց:

«Ցավում եմ, բայց բռնության դեպքերն աճել են: Ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է նրանով, որ նախկինում կանայք այդ մասին չէին խոսում: Մենք տվյալներ չունեինք, սակայն հիմա մարդիկ գիտակցում են, որ դրա մասին լռելն անհնար է: Ի՞նչ կարող են նրանք խոսել այդ մասին: Մենք տեսնում ենք, թե քանի կին է մահանում ամուսնու բռնության պատճառով», – ասում է Դալի Աղդգոմելաձեն:

Ընտանեկան բռնության խնդրի վերաբերյալ օրենսդրությունը և իրավապահ մարմինների արձագանքը կարող են կանխարգելման ամենաարդյունավետ միջոցը լինել: Օրինակ, 10-15 տարի առաջ Ախալքալաքում տարածված էր «աղջիկ փախցնելու» ավանդույթը: Այնուամենայնիվ, հենց օրենսդրության ամրապնդումն էր, որ հնարավորություն տվեց վերջ տալ այս խնդրին, քանի որ հսկայական տուգանքների և իրավապահ մարմինների պատշաճ արձագանքի պատճառով Ախալքալաքում գրանցվում են ընդամենը մի քանի նման դեպքեր: