Սեպտեմբերի 16-ին Ախալքալաքում կհնչի դպրոցական առաջին զանգը: Եթե որոշ երեխաներ անհամբերությամբ սպասում են դպրոցական առաջին օրվան, ապա նրանց ծնողները լարվածության մեջ են, տոնի հետ մեկտեղ անհրաժեշտ է դիմավորել և արժանապատվորեն հյուրընկալել հյուրերին, ովքեր կգան շնորհավորելու:
Ախալքալաքում ընդունված է որոշ սովորական ամսաթվերը վերածել կարևոր և հսկայական մեծ իրադարձության: Լինի դա երեխայի ատամնահատիկը, ծննդյան օրը, առաջին կամ վերջին զանգը: Ծնողները ոչինչ չեն խնայում իրենց սիրելի երեխայի համար՝ երբեմն անցնելով բանականության բոլոր սահմանները: Եթե տղա է, ապա թանկարժեք կոստյում և կոշիկ, պայուսակ, տետրեր և գրքեր: Եթե աղջիկ է, ապա զգեստ, կամ վերնաշապիկ և կիսաշրջազգեստ, կոշիկ, պայուսակ, դասագրքեր, նոթատետրեր և դպրոցական այլ պարագաներ:
Այնուամենայնիվ, ծնողները հաճախ չեն սահմանափակվում միայն մեկ հավաքածույով՝ ամեն ինչ գնում են մի քանի հատով, կարծես առաջին զանգից հետո այլևս խանութներում ինչ-որ բան գնելու հնարավորություն չի լինելու: Նրանց երեխան պետք է ոչ միայն բավարար չափով ունենա, այլև մի քանի անգամ գերազանցի: Վերջերս սիրված են դարձել ծաղիկների թանկարժեք դիզայներական ծաղկեփնջերը կամ գեղարվեստականորեն հավաքված գրենական պիտույքները: Որոշ ծնողներ առաջին զանգից հետո պարտքի տակ են ընկնում:
«Այնքան գումար է հարկավոր, որ էլ արդեն չգիտեմ: Հագուստ, կոշիկներ, ինչպես նաև դպրոցական պարագաներ: Առնվազն պետք է 1000 լարի՝ միայն դպրոց գնալու համար, բայց եթե դա միջին չափով հաշվարկել, ոչ հարուստին վայել: Առաջին օրը նշելն ուղղակի ձեռառնելիք է: Բոլորին ասել եմ, որ այս տոնը չենք նշում հացկերույթով: Համենայնդեպս, քաղցր սեղանի համար ես ինչ-որ բան կպատրաստեմ, քանի որ հյուրեր միևնույն է կլինեն», – ասում է առաջին դասարանցու մայրը:
Առաջին զանգի կերուխումները ի հայտ են եկել համեմատաբար վերջերս: Բոլոր հարազատները այդ օրը շնորհավորելու են գնում, իսկ եթե առաջին դասարանցիները շատ են, ապա նրանք մի քանի օր շրջում են տնետուն, բերում որպես նվեր՝ կամ գումար, կամ այլ նվերներ:
«Ծնողներս այս տարի պետք է առաջին զանգին հյուրընկալվեն 11 հարազատների և ծանոթների տներ: Դա պատասխան է, որովհետև անցյալ տարի իմ զարմուհու առաջին զանգն էր, և այդ մարդիկ եկել էին նվերներով», – ասում է Ախալքալաքի բնակիչը:
«Սա հիմար ավանդույթ է, նույնիսկ ծիծաղելի: Չնայած իմ տան դռները բաց են, եթե ուզում են՝ թող գան: Ասում ես, որ չես նշում այդ օրը, իսկ նրանք միևնույն է ասում են՝ մենք միայն գալիս ենք սրճելու: Դե դու էլ հասկանում ես, որ միայն սուրճի սեղանով չի լինի, պատրաստվում ես, ծախսեր անում: Այս ամենը պարտավորեցնող է, նրանք գալիս են՝ այնուհետև դու պետք է գնաս, եթե նրանց առաջին զանգն է: Իմ ծանոթներից մեկը այս տարի պետք է 18 առաջին դասարանցու պետք է շնորհավորելու գնա», – ասում է Ախալքալաքի մեկ այլ բնակիչ, որի դուստրն այս տարի պետք է գնա առաջին դասարան:
Որոշ ծնողներ այնքան ուրախ են, որ իրենց երեխաները դպրոց են հաճախելու, որ հատուկ սրահներ են վարձում և ճոխ պատրաստություն են տեսնում՝ 100-200 մարդու համար:
Բոլորը դժգոհում են այս ավանդույթներից, այնուամենայնիվ, կարծես իրար հետ խոսացած՝ ամեն տարի նույնն են անում:
Քրիստինե Մարաբյան