Նախկին 15-րդ զինվորական ավանի թիվ 65 բազմահարկ շենքի բնակիչները դժգոհում են, որ ամեն տեղումներից հետո շենքի մոտ ջուր է կուտակվում, իսկ բակը դառնում է անանցանելի։
Այսօր առավոտյան Jnews-ի խմբագրությունը նախկին 15-րդ զինվորական ավանի թիվ 65 բազմահարկ շենքի բնակիչներից ստացել է տեսանյութ ու բողոք առ այն, որ շենքի դիմացի ճանապարհը վերանորոգելուց ու ասֆալտապատելուց հետո ամեն անձրևից հետո բակը դառնում է անանցանելի: Երեկ գիշերը Ախալքալաքում տեղացած անձրևից հետո ջուրը կրկին ներհոսել է շենքի տակ՝ նկուղային տարածք։ Բնակիչները կարծում են, որ ջուրը կուտակվում է կոյուղու խցանման կամ սխալ ու անզգույշ ասֆալտապատման պատճառով։
«Սա 15-րդ գորոդոկն է, որտեղ ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել մրցույթի համաձայն։ Այս աշխատանքներից հետո, ամեն անձրևից հետո այս ջրափոսերը գոյանում են այստեղ։ Դա պայմանավորված է ոչ ճիշտ աշխատանքի պատճառով։ Փոխանակ թեք անեին, որպեսզի ջուրը հոսի սիզամարգային տարածք, թեքություններն արված են այնպես, որ ջուրը հոսի դեպի մուտքեր: Այս վիճակում է ճանապարհը։ Երեկ շատ ջուր է կուտակվել: Տեսեք, կարծեք Սև ծովը լինի: Պետք չէ արձակուրդ գնալ Բաթումի, եկեք մեզ մոտ 15-րդ զինվորական ավան՝ լողալու։ Դիմում ենք տեղական ինքնակառավարման մարմիններին: Այսօր-վաղը ընտրություններ են լինելու, վերացրեք այս թերությունները, խնդրում ենք ձեզ։ Հակառակ դեպքում խռովարարություն կհայտարարենք»,- ասվում է թիվ 65 շենքի բնակիչների հայտարարության մեջ։
Ստորև ներկայացնում ենք տեսանյութը, որը մեզ ուղարկել են այս շենքի բնակիչները: Տեսանյութում ներկայացված է իրավիճակն այսօրվա դրությամբ։
Քննարկվող ճանապարհն ասֆալտապատվել է 2018-2019 թվականներին «ՋավախԱվտոԳզա» ընկերության կողմից։ Այդժամ Jnews-ը ուշադրություն էր հրավիրել նաև բնակիչների բողոքի վրա: Այս մասին կարող եք կարդալ Jnews-ի ստորև ներկայացված նյութում։