Ախալքալաքի նախկին զինվորական 15-րդ ավանի բնակիչները դժգոհում են կոմունալ ծառայություններից, ճանապարհների եւ խաղահրապարակների բացակայությունից, սակայն հիմնական խնդիրը նրանց համար այն է, որ իրենց բնակարանները չեն կարողանում սեփականաշնորհել:

Նախկին 15-րդ ավանի, երեք բազմահարկ բնակելի շենքերի բնակիչները, հավաքական բողոք են ուղարկել Jnews.ge-ի խմբագրություն: Նրանց խնդրանքն է՝ իշխանություններին փոխանցել Պաշտպանության նախարարության տարածքում գտնվող տների հետ կապված խնդիրները, եւ, որ դրանք տեղական իշխանությունների կողմից բարեկարգված չեն:

15-րդ ավան՝ այսպես է կոչվում Նինոծմինդայի կողմից Ախալքալաքի արվարձանում գտնվող հողատարածքը: Այստեղ մի ժամանակ ռուսական ռազմական բազայի մի մասն է տեղակայված եղել, որը դեռ մինչև Ախալքալաքից ռուսական ռազմաբազայի լիովին դուրս բերումը՝ կազմացրվել էր: Մի փոքր հեռու գտնվում է հիվանդանոցը, որը ժամանակին եղել է այս տարածքի մի մասը: Հիվանդանոցային բակն ասֆալտապատ է: Սակայն հարեւանությամբ գտնվող 3 բազմահարկ բնակելի շենքերը դեռեւս հիշեցնում են հետխորհրդային շրջանը: Մռայլ տեսքով են տները, խաղահրապարակի մնացորդների հետքերով է բակը, ամենուրեք քարացած ցեխ է:

Ըստ բնակիչների` նրանք մոռացության են մատնված եւ անտեսված են տեղական իշխանությունների կողմից, ուստի նպատակահարմար չեն համարում քվեարկության գնալու:

Պատճառն այն է, որ այդ տարածքը գտնվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հաշվեկշռում: Ընդամենը 2 շաբաթ առաջ, տեղական իշխանությունները հանել են ճանապարհի շերտը, որից հետո, ըստ բնակիչների, խոստացել են ասֆալտապատել ճանապարհները: Սակայն վերջերս նրանք իմացել էին, որ այս տարի ասֆալտապատում չիլինի:
Պետք է նշենք, որ բնակիչները չկամեցան, որ նյութում նշվեն անուններ եւ ազգանուններ:

15 gorodok 2

«Այստեղ խնդիրները ոչ միայն ճանապարհի հետ են կապված, այլ նաև կոյուղագծերի եւ բնակարանների սեփականաշնորհման հետ: Հարցեր որոնք անտեսվում են: Նրանք մեզանից ձայներ են ուզում (ընտրության համար խմբ.), ի՞նչ ձայների մասին է խոսքը: Մենք օրենքից դուրս ենք: Մենք ոչ մի իրավունք չունենք: Բազմիցս դիմել ենք իշխանություններին՝ ոչ մի արդյունք», – ասում է բնակիչներից մեկը:

Քաղաքի հարավային արվարձանների բնակիչները խոսում էին ոչ միայն ճանապարհի մասին, արդյունքում նշում էին ավելի ու ավելի շատ խնդիրների մասին:

«Մեր հիմնական բողոքն այն է, որ չկան ճանապարհներ, խաղահրապարակը սարսափելի վիճակում է, երեխաները չգիտեն որտեղ խաղան: Ոչ տանիք կա, ոչ կոյուղի կա: Բնակարանների սեփականաշնորհում էլ չկա», – ասաց 15-րդ ավանի մեկ այլ բնակիչ:

voda

Շատերը վախենում էին այն տների վիճակի համար, որտեղ նրանք ապրում են, հոսող ջրի պատճառով՝ նկուղները խոնավության մեջ են:

«Շենքն արդեն փլուզման եզրին է: Ջուրը հոսում է: Ոչ ոք չի հոգում կոյուղագծի կամ էլ ջրմուղ համակարգի մասին, խողովակները փտած են: Ջուրը չի բարձրանում երկրորդ հարկ, բայց մենք վճարում ենք ջրի համար՝ պարտադիր կարգով: Վճարում ենք բոլոր կոմունալ ծառայությունների համար: Միայն տեսնեք, թե ինչ է կատարվում մեր շենքի տակ: Եթե ինչ-որ բան պատահի, եւ մենք պետք է փակենք պտուտակները, ես չեմ կարողանա, կկոտրվի եւ վերջ, ամբողջ տունը կտուժի: Հոսում է ամենուր, և վերեւից եւ ներքեւից: Դուք պատկերացնում եք, երբ սառնամանիքը սկսվի, ինչ իրավիճակ կտիրի մեզ մոտ: Ճանապարհները քանդեցին եւ հեռացան, չնայած մինչ այդ մենք ճանապարհը մի կերպ հարթել էինք, նրանք եկան ու հանեցին վերին շերտը, իսկ հիմա ասում են, որ Վաչիան գյուղի դպրոցի ճանապարհն են վերանորոգում, սարքում են Էխտիլա գյուղի ճանապարհը: Եվ եթե նրանք ժամանակ ունենան կգան մեզ մոտ, իսկ եթե ոչ, ապա՝ ոչ», – դժգոհում էին բնակիչները՝ միմյանց ընդհատելով:

ploshadkaq

Քաղաքապետարանում՝ ճանապարհների հետ կապված իրավիճակը բացատրում են նրանով, որ սպասվում են սառնամանիքներ, եւ ավելի նպատակահարմար է շարունակել ճանապարհային աշխատանքները գարնանը: Վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Ջավախ Ավտո Գզա» ընկերութունը` 307 989 լարիի չափով:

«Հողային աշխատանքները, որքան անհրաժեշտ էր հանեցին, աշխատանքները ընթացքի մեջ են: Փուլը վերջնական հնարավոր է այս տարի չլինի: Որովհետև Քրիզոլիտը (ստուգման ծառայություն, որը եզրակացություններ է տալիս) մեզ ուղարկեց հանձնարարական նամակ, որտեղ գրված է, որ որակի ապահովման համար, նպատակահարմար է, շարունակել ասֆալտապատման աշխատանքները հաջորդ տարի: Այս աշխատանքը նախատեսված գումարից չէ, ուստի այն հատկացվել է տարվա երկրորդ կեսին, լավ է, որ նախագիծը եղել է, չնայած մենք գիտենք, որ պարտադիր կլինի: Ֆինանսավորվել է պետական հիմնադրամի կողմից», – ասում է Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության եւ շինարարության բաժնի վարչության պետ՝ Ալբերտ Նահատակյանը:

Նա ինչ-որ չափով համաձայն է բնակչության կարծիքի հետ, որ այդ տները պատշաճ ուշադրություն չեն դարձնում, պատճառաբանելով, որ տարածքը մունիցիպալ սեփականություն չէ, ուստի տեղական իշխանությունները այնտեղ սահմանափակ են իրենց գործողություններում: Սեփականաշնորհվել են 15-17 ընտանիքների բնակարանները, որոնք գրանցել էին մինչև ռուսական բազայի հանումը: Նահատակյանը նշեց, որ մունիցիպալիտետից Պաշտպանության նախարարությանը դիմում է գրվել` շենքերը տեղական իշխանության հաշվեկշռին փոխանցելու խնդրանքով, սակայն հարցը դեռևս լուծված չէ: