Նախկին թիվ 1 զինվորական ավանի մանկական խաղահրապարակը միակն է ավանի և Ջիվանու թաղամասի բնակիչների համար։ Խաղահրապարակում չկան աղբամաններ, խաղահրապարակի տարածքում խոտը հնձված չէ, ինչպես նաև այնտեղ կան հին երկաթե կոնստրուկցիաներ, որոնք անվտանգ չեն երեխաների համար: Ծնողները բարձրացնում են խաղահրապարակների անվտանգության և մաքրության հարցը։
Այն բանից հետո, երբ Jnews-ը նյութ հրապարակեց, որ զինվորական ավանի տարածքում օձեր են նկատվել, փոքր երեխաների ծնողները, ովքեր նրանց տանում են զինվորական ավանի խաղահրապարակ, արձագանքեցին և տեղական իշխանություններին խնդրում են ապահովել զինվորական ավանի երեխաների անվտանգությունն ու մաքրությունը:
Ցիսանա Շերգիլաշվիլին իր երեխաներին անընդհատ տանում է խաղահրապարակ, ասում է, որ այնտեղ անապահով է և կեղտոտ, քանի որ աղբամաններ չկան:
«Զինվորական ավանում խոտը շատ բարձր է: Հատկապես կարևոր է, որ ուշադրություն դարձնեն նոր խաղահրապարակին, այնտեղ գոնե խոտը պիտք է քաղել: Խաղահրապարակի մաքրության մասին խոսելն ավելորդ է, ինձ թվում է, որ ոչ ոք հոգ չի տանում դրա մասին: Այնտեղ աղբամաններ չկան և միշտ աղբը լիքն է, գոնե այն վայրերը, որտեղ երեխաները խաղում են, պետք է անվտանգ լինի», – ասում է Ցիսանա Շերգիլաշվիլին:
Նախկին զինվորական ավանի խաղահրապարակը կառուցվել է անցյալ տարվա աշնանը, 2023 թվականին: Նրա վրա տեղական բյուջեից ծախսվել է 23300 լարի։ Ճոճանակները մեկ տարվա ընթացքում վերանորոգվել են, քանի որ նրանք անընդհատ շարքից դուրս են գալիս: Այգում չկան աղբամաններ, խոտը չի հնձվում։ Այգին ավանի բնակիչների կողմից սիրված է, քանի որ մոտակայքում երեխաների հետ ժամանակ անցկացնելու այլ վայր չկա։
Խաղահրապարակը երբեմն մաքրում են Սպասարկման կենտրոնի աշխատակիցները, սակայն աղբամանների բացակայության պատճառով այնտեղ միշտ կեղտոտ է։
Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանն ասում է, որ այս պահին փոքր աղբամաններ չունեն, որպեսզի այգում տեղադրեն:
«Եթե ստանամ, կտեղադրեմ, հիմա չունեմ, բայց ինչ վերաբերվում է խոտին, զինվորական ավանի տարածքի կեսը քաղել ենք, հիմա աշխատում ենք Խոսպիո գյուղի կողմում, այնտեղ կավարտենք, կվերադառնանք կրկին ավան»,- ասաց Մխիթար Ռստակյանը։
Ցիսանա Շերգիլաշվիլին ասում է, որ վտանգավոր է նաև տարածքում հին պտտաձողերի, երկաթե կոնստրուկցիաների առկայությունը, որոնց վրա երեխաները հաճախ բարձրանում են։ Ծնողները մշտական լարվածության մեջ են, որպեսզի իրենց երեխաները ձեռքերն ու ոտքերը չվնասեն այս երկաթե կոնստրուկցիաների պատճառով և խնդրում են, որ դրանք հեռացնեն խաղահրապարակից։
Jnews-ը բազմիցս գրել է այն մասին, որ Ախալքալաքի խաղահրապարակները մշտական սպասարկման և վերահսկողության կարիք ունեն տեղական իշխանությունների կողմից։ Այս վիճակը նկատվում է նաև քաղաքի այլ խաղահրապարակներում։