Նախկին զինվորական ավանի բնակիչներն ահազանգում են, որ շենքերի բակում օձեր են նկատվել, դրանք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Սակայն մարդիկ չգիտեն ո՞ւմ դիմեն։

Այս մասին JNEWS-ին հայտնել է նախկին զինվորական ավանի բնակիչներից մեկը։

«Մոտ 5 տարի է այստեղ եմ ապրում, երբեք օձերի այսպիսի ակտիվություն չեմ նկատել։ Մի քանի օր առաջ երեխաս սարսափած ներս մտավ, խաղալիս նկատել էր օձերին և արագ հեռացել այդտեղից։ Հիմա վախենում ենք երեխաներին բակ թողնել, նույնիսկ չգիտենք թունավոր են թե՞ ոչ, ամեն դեպքում շատ վտանգավոր է, ամեն ինչ կարող է պատահել», – ասում է բնակիչներից Գ.Հ-ն:

Բնակիչները չգիտեն ում դիմել, որպեսզի հարցը լուծում ստանա, շուրջ մեկ ամիս է, գրեթե ամեն օր նրանք նկատում են օձերին, վախենում են երեխաներին բակ թողնել: Ասում են՝ իրենց պետք է փրկարարների օգնությունը, որպեսզի օձերին տեղափոխեն։

Ընդգծենք, որ այս տարի նման դեպք էլի էր կրկնվել Ախալքալաքում, սակայն Վրաստանը չունի օձերի պարագայում արագ արձագանքման կամ վտանգի կանխարգելման համակարգ, թեև երկրում օձի մոտ 24 տեսակ կա, որոնցից չորսը թունավոր են՝ գյուրզան, տափաստանային իժը, կովկասյան իժը և քթավոր իժը։

Կարդացեք նաև՝

Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից